«Ազատության» լրագրող Նարինե Ղալեչյանն այսօր Սևանում նկարահանում էր շարժական գազալցակայանները, որոնք ոչ միշտ են պահպանում անվտանգության կանոնները, երբ գազալցակայաններից մեկի մոտ սևազգեստ մի երիտասարդ, տեսնելով աշխատող տեսախցիկը, խիստ ագրեսիվ պահվածք է դրսևորել, վնասել է նկարահանող խմբի ավտոմեքենան:
Լրագրողը ցանկացել է մոտենալ, ներկայանալ ու ասել, թե ինչ նպատակով է նկարահանում․ - «Երբ մի քիչ մոտեցա, նկատեցի, որ զայրույթից ծնոտը առաջ էր բերել, աչքերը կլորացրել, կիսակատաղած գալիս էր․․․ Տեսախցիկը թաքցրեցի, անջատեցի, որպեսզի գույքս չվնասի, որովհետև ձեռքիս էր նաև բարձրախոսը, ընդ որում՝ բավականին տեսանելի, և դա բավարար էր, որ հասկանա, որ լրագրող եմ, վազեցի ու նստեցի մեքենան: Ասացի՝ չմոտենաք, ոստիկանություն կզանգարեմ, ինչից նա ավելի բորբոքվեց։ Վրա պրծավ մեքենայի դռանը, ես այն հասցրեցի փակել: Երբ հասկացավ, որ դուռը փակ է, սկսեց արդեն ոտքերով, բռունցքով հարվածել մեքենային»:
Ոստիկանությունում լրագրողը հանդիպել է Սևանի ոստիկանապետին, բացատրություն և բողոք-դիմում է գրել: Որոշ ժամանակ անց ոստիկանություն են բերել նաև այդ երիտասարդին: Այս պահին նա բացատրություն է տալիս: Ոստիկանություն է նաև «Ազատության» նկարահանող խումբը:
Վնասված ավտոմեքենան զննել են, արձանագրություն են կազմել: Ոստիկանությունում հավաստիացրել էր, որ արագ կպարզեն կատարվածը, և մեղավորը գոնե իրենց մասով կպատժվի:
Միջադեպի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ փոխանցելով, որ Թաթոյանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը․ - «Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ, անհապաղ վարույթ նախաձեռնելու հարցով համապատասխան գրություն է ուղարկվել Ոստիկանություն»: