Կառավարությունը ռեսուրսներ չունի հրդեհը մարելու համար. էկո-մեդիա լրագրողական ակումբի համահիմնադիր

Կառավարությունը համապատասխան ռեսուրսներ չունի Խոսրովի անտառում հրդեհը մարելու համար։ Այսօր այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց էկո-մեդիա լրագրողական ակումբի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։

«ԱԻՆ-ը նշում է 200-250 հեկտար տարածք, բայց բնապահպանության նախարարությունն արդեն խոսում է 1000-1500 հեկտարի մասին։ Դա ահռելի տարածք է։ Գարնանը մոտավորապես 30 լրագրողով եղանք «Խոսրովում», 5-6 կիլոմետր ման եկանք, և այնտեղ այնքան անհասանելի է ամեն ինչը, որ դուք չեք պատկերացնում, ոնց են իրենք դա հանգցնելու՝ անհնար է։ Ոչինչ չի արվում, կարելի է ասել», - ընդգծեց Կիրակոսյանը:

Նշենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվել է օգոստոսի 12-ին։ Նախնական տվյալներով՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի [անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում] և 186-րդ հոդվածի 2-րդ մասի [գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել] հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար։

Նշենք, որ ԱԻՆ-ը այսօր հայտնեց, որ Հայաստանը Ռուսաստանից հրդեհաշիջման աշխատանքների համար ինքնաթիռ է խնդրել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.