ՄըքՄասթերը և Փոմփեոն Փհենյանի հետ ռազմական առճակատման անմիջական սպառնալիք չեն տեսնում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության երկու առաջատար պաշտոնյաներ հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի հետ ռազմական առճակատման անմիջական սպառնալիք չկա, սակայն պատերազմի հնարավորությունը դեռևս նշմարվում է:

«Հիմա մենք պատերազմին ավելի մոտ չենք, քան մեկ շաբաթ առաջ, բայց ավելի մոտ ենք պատերազմին, քան մեկ տասնամյակ առաջ», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, բանակի գեներալ-լեյտենանտ Հերբերթ ՄըքՄասթերը:

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն էլ ասել է, թե «այսօր անմիջական ոչինչ չկա», բայց կարևոր է հստակեցնել Հյուսիսային Կորեայի համար, որ Միացյալ Նահանգների համբերությունը սպառվել է:

Հիշեցնենք, անցած շաբաթ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նոր պատժամիջոցների սահմանումից հետո պաշտոնական Փհենյանը սպառնաց հրթիռային հարված հասցնել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազմակայաններին, ինչին ի պատասխան՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային խորհուրդ տվեց սթափվել, «այլապես կհայտնվի աննախադեպ փորձանքի մեջ»: «Ռազմական լուծումներն արդեն կազմված են և պատրաստ իրականացման, մնում է սեղմել ձգանը՝ այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեան անխոհեմ գործի, հուսամ, Կիմ Չեն Ինը կընտրի այլ ճանապարհ», - Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահը: