Սերժ Սարգսյանի նախագահության օրոք երկրի բնակչությունը պակասել է 250 հազարով․ ԱՎԾ տվյալներ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահը, արխիվ

Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում՝ 2008-2017 թվականներին, Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է ավելի քան 250 հազար մարդով, վկայում են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալները:

Ըստ այդմ՝ 2008-ի հունվարի 1-ին երկրի մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոն 230 հազար է եղել, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ 2 միլիոն 979 հազար: Նշված 250 հազարը նախագահ Սարգսյանի պաշտոնավարման ինը տարիներին բաժանելու դեպքում ստացվում է, որ յուրաքանչյուր տարի Հայաստանի բնակչությունը պակասել է շուրջ 28 հազարով:

Երկրի ժողովրդագրական իրավիճակի՝ ծնելիության անկման, մահացությունների թվի աճի և արտագաղթի վերաբերյալ վերջին շրջանում իրենց անհանգստաությունը հնչեցրեցին անգամ իշխանությունները:

Այս մայիսին Ազգային ժողովին հղած ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը իրավիճակը բնութագրեց որպես «խիստ մտահոգիչ և անընդունելի»: «Նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ և անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը: Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության՝ արտագաղթի դադարեցում, ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, և արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում», - հայտարարեց նախագահը:

Միգրացիոն պետական ծառայության տվյալներով, 2008-ից ցայսօր սահմանահատումների դինամիկան միշտ բացասական է եղել՝ Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան վերադարձել: 2008-2016 թվականներին այդ տարբերությունը կազմել է 345.9 հազար: Ընդ որում, անցած տարի գրանցվել է 2008-ից ի վեր ամենաբարձր թիվը՝ -48.2 հազար, այսինքն՝ երկրից մեկնողների թիվը 48.2 հազարով ավելի է եղել, քան ժամանողներինը:

Ծառայությունը հրապարակել է նաև այս տարվա առաջին կիսամյակի թվերը: Դարձյալ՝ երկրից մեկնողների թիվը 37.6 հազարով ավելի շատ է, քան ժամանողներինը, բայց քանի որ տարվա երկրորդ կեսին Հայաստան ավելի շատ ժամանում են, քան մեկնում՝ հիմնականում արտագնա աշխատանքի մեկնածների վերադարձի շնորհիվ, ուստի տարեկան արդյունքները դեռ վաղ է ամփոփել:

Իրավիճակը մխիթարական չէ նաև ծնելիության ու մահացության թվերի պարագայում: 2008-ին ավելի շատ էին ծնվում ու քիչ մահանում, քան այսօր: ԱՎԾ տվյալների համաձայն, եթե Սերժ Սարգսյանի նախագահության առաջին տարում՝ 2008-ին ծնվածների ու մահացածների թվերի տարբերությունը կազմել է 13 հազար 796՝ հօգուտ ծնվածների (2008-ին ծնվել է 41 հազար 238, մահացել՝ 27 հազար 442 հոգի), ապա 2016-ին այդ թիվը կրճատվել է մոտ 10 տոկոսով և կազմել 12 հազար 509 (2016-ին ծնվել է 40 հազար 638, մահացել՝ 28 հազար 129 հոգի):

«Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ իրականացված վերլուծությունների հիման վրա այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք, ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում: Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի», - իր վերոհիշյալ ելույթում ասել էր Հայաստանի նախագահը:

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Ֆարմանյանը երկրի ժողովրդագրական իրավիճակը անգամ ավելի մեծ մարտահրավեր հայտարարեց, քան ղարաբաղյան խնդիրը՝ Facebook-ի իր էջում վերջերս գրելով. - «Մենք երբ կառավարություն ենք ձևավորում՝ թիրախը, չափանիշը տնտեսական աճն է. սա շատ կարևոր բանալի է, բայց ՀՀ-ի պարագայում, իմ կարծիքով, առաջնահերթություն պետք է լինեն ժողովրդագրական միտումները, որն ավելի մեծ մարտահրավեր է մեր համահավաք գոյությանը, քան նույնիսկ, գուցե պարադոքսալ թվա, արցախյան հարցի չկարգավորված լինելն ու հայ-թուրքական կնճիռն է այսօր: Այսինքն, ես կառավարության գործունեությունը կգնահատեի հենց այդ տեսանկյունից, թե որքանով են այդ միտումները փոփոխության ենթարկվել կամ խորացել: Տնտեսական աճը ոչ մի գրոշի արժեք չունի, եթե հայությունը իր հայրենիքում չի ապրելու»:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը այսօր «Ազատության» հետ հեռախոսազրույցում ընդգծեց՝ չնայած իշխանությունների՝ տարիների ընթացքում հնչեցրած բազմաթիվ հայտարարություններին, Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը շարունակում է վատանալ, և առայժմ հնարավոր չէ ասել, թե երբ այդ բացասական դինամիկան կկանգնի:

Եգանյանը չթաքցրեց իր տարակուսանքը՝ անդրադառնալով մինչև 2040 թվականը 4 միլիոն բնակչություն ունենալու մասին նախագահ Սարգսյանի հայտարարությանը: «Գտեք՝ ով է էդ մասնագետը, ինչի հիման վրա, ինչ հիմունքներով, ինչից ելնելով է նման նպատակակետ ընտրել և ներկայացրել նախագահին: Ես դժվարանում եմ դրան պատասխան տալ, որովհետև նման բան տեղի ունենալու համար իրական կյանքում տարեկան մենք պետք է ունենանք՝ մնացած 23-24 տարիների ընթացքում, որ մեզ մնում է մնում է մինչև 40 թիվը, տարեկան առնվազն 52 հազար մարդու հավելաճ՝ էն դեպքում, երբ որ մենք հիմա տարեկան ունենում ենք մոտավորապես բնակչության մեկ տոկոսին համարժեք նվազում», - շեշտեց ժողովրդագիրը: