Արա Զոհրաբյանը մտադիր է վերընտրվել Փաստաբանների պալատի նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արխիվ

«Սասնա ծռեր»-ի և Ժիրայր Սեֆիլյանի գործերով դատական նիստերից հետո քննադատության կենտրոնում հայտնված Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ցանկանում է երկրորդ անգամ ստանձնել այս պաշտոնը` առաջադրելով թեկնածությունը սեպ­տեմբերի 9-ին կայանալիք Պալատի նախագահի ընտրություններում: Այդ մասին նա հայտնել է այսօր՝ ֆեյսբուքյան իր էջում:

Քաղաքական հնչեղության գործերով մի շարք փաստաբաններ դժգոհում են Զոհրաբյանի աշխատանքից, մեղադրում նրան իշխանությունների հետ համագործակցելու մեջ, պնդելով՝ Պալատը դատավորների գրությունների հիման վրա կարգապահական վարույթներ է հարուցում ընդդիմադիր գործիչների պաշտպանների դեմ և պատշաճ չի արձագանքում դատարան մուտք գործելիս փաստաբանների զննությանը, կամ ինչպես իրենք են բնորոշում` ապօրինի խուզարկությանը: Զոհրաբյանը հերքում է այս մեղադրանքները: