Չնայած Ժիրայր Սեֆիլյանի անհամաձայնությանը՝ դատավորն ասօրվա նիստին հանրային պաշտպան նշանակեց ընդդիմադիր գործչի համար՝ պատճառաբանելով, թե Սեֆիլյանի փաստաբանները չեն ներկայանում դատավարությանը, մինչդեռ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է մեղադրյալի բացակայության պարագայում:
Ժիրայր Սեֆիլյանը 10 ժամով հեռացված է դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ ոտքի չկանգնելու համար: Ոստիկաններն այսօր նրան ընդամենը մի քանի րոպեով բերեցին նիստին: «Ձեր ընթացքն, ըստ էության, անհեթեթ է և իմ իրավունքների խախտում է այն դեպքում, երբ իմ պաշտպանները ոչ թե բացակայում են, այլ դուք ձեր ապօրինի խուզարկությունների պատճառով թույլ չեք տալիս, որ նրանք ներկա գտնվեն»,- դատարանում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հակադարձեց՝ ոչ թե ինքը թույլ չի տալիս փաստաբաններին մասնակցել նիստերին, այլ հենց Սեֆիլյանն է հանձնարարել նրանց՝ իր բացակայությամբ չմնալ դահլիճում՝ փորձելով խափանել դատավարությունը: Սեֆիլյանն, այնուամենայնիվ, պնդեց, որ հանրային պաշտպանից հրաժարվում է՝ դատավորին հորդորելով «այդ ռեսուրսը Սերժ Սարգսյանի համար պահել»:
Դատավորի առաջարկած պաշտպանից հրաժարվեց նաև նույն գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանը, հիշեցնելով, որ ինքն ունի փաստաբաններ՝ Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը: Հանրային պաշտպան Էմին Բեգլարյանն իր հերթին հայտարարեց, որ առանց Սեֆիլյանի և Պողոսյանի համաձայնության, չի ստանձնելու նրանց պաշտպանությունը: Բայց դատավորն, այդուհանդերձ, նրան ներգրավեց գործում:
Էմին Բեգլարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կփորձի կալանավայրում հանդիպել Ժիրայր Սեֆիլյանին ու Ներսես Պողոսյանին և եթե նորից չստանա նրանց համաձայնությունը՝ պաշտպանություն չի իրականացնի․ «Կփորձեմ մեկ անգամ հանդիպել, եթե չի համաձայնվի, ոչ ոք չի պատրաստվում հանրային պաշտպանի ծառայություն պարտադրել»: Նման իրավիճակ ստեղծվել էր նաև «Սասնա Ծռեր» խմբի անդամների դատավարության ժամանակ, երբ թե՛ մեղադրյալը, թե՛ հանրային պաշտպանը հրաժարվեցին ենթարկվել դատարանի որոշմանը, դատավորն էլ սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ՝ դահլիճից հեռանալու համար:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի բնորոշմամբ՝ Սեֆիլյանի ու «Սասնա Ծռեր»-ի գործերը փուշ են իշխանությունների կոկորդում, չգիտեն ինչ անել: «Սցենարը նույնն է, այսինքն՝ տղաներին հեռացնել նիստերի դահլիճից և նշանակել ոչ իսկական պաշտպաններ: Փորձում են այս մարտավարությունն առաջ տանել, բայց իրենք զգում են, որ անելանելի վիճակում են»,- ասաց Ենիգոմշյանը:
Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի, նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, կազմակերպված խմբի կազմում զենք է ձեռքբերել, որպեսզի ռազմավարական նշանակության շենքեր զավթի։
Այս գործով 7 մեղադրյալներից 6-ը հեռացված են դահլիճից, նիստերին մասնակցում է միայն ընդդիմադիր գործչի դեմ ցուցմունք տված միակ ամբաստանյալը: Եվս մեկ մեղադրյալի մասով գործն էլ անջատ քննվում է այլ դատարանում: Այդ մեղադրյալը հայտարարել է, թե իրեն ստիպում են ցուցմունք տալ Սեֆիլյանի դեմ: Դատավարությունը կշարունակվի մեկ շաբաթից: