Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, դեպքի վայրում են երկու նախարարներ

Լուսանկարը՝ արտակարգ իրավիճակների նախարարության

Ժամը 14-ի դրությամբ Վայոց ձորի մարզում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը կազմում է մոտ 250 հա:

Մարզում հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Դեպքի վայրում է նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները, և կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը` տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին: «ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության շնորհիվ՝ ընկերության փրկարար ջոկատը, որը վերապատրաստվել է նախարարության կողմից, նույնպես պատրաստ է անհրաժեշտության դեպքում, ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ խոշոր հրդեհը Վայոց ձորի անտառային տարածքներում բռնկվել է նախօրեին: