«Պատից հետո»․ Արևմտյան Բեռլինում ամերիկացի, ծագումով գերմանացի նկարիչ Ստեֆան Ռուլուֆը արվեստի միջոցով վերակենդանացրել է Գերմանիան բաժանած պատի էությունը:
Նախկին պատի արևմտյան հատվածում կառուցած 229 մետր երկարությամբ պատ-ստենդի վրա Ռուլուֆը մղձավանջ հիշեցնող պատկերներ է նկարել՝ աշտարակներ, ինքնաձիգներով ու հեռադիտակներով հերթապահող զինվորականներ, բանտախցեր, ներկայացրել է մարդկային պատմություններ, հետապնդված, բանտարկված մարդկանց, մասնավորապես՝ մի կնոջ պատմությունը, ում Արևելյան Գերմանիայում ձերբակալել էին Արևմտյան Գերմանիայի ընկերներից ընդամենը մի բացիկ ստանալու համար:
Նկարչի մտահղացումը նախապատմություն ունի․ 1984 թվականին նա Արևմտյան Բեռլինից պատի լուսանկարներ է արել, և այսօրվա ցուցահանդեսի պատկերների մի մասը այդ լուսանկարներն են: Յուրօրինակ ցուցադրությունը Ռուլուֆը կոչել է «Պատից հետո»:
«Ինձ համար սա միայն պատմական ծրագիր չէ՝ չնայած ցուցադրում է անցած ժամանակները հիշեցնող պատկերներ, սա շարունակվող երևույթ է: Քանի մարդկությունը կա՝ պատերը կշարունակեն գոյություն ունենալ, և դժբախտաբար դրանք շարունակում են լինել: Դրանք հաճախ գոյություն ունեն, որպեսզի բաժանեն և իշխեն, մարդկանց խմբերին միմյանց դեմ հանեն, նրանց թշնամիներ դարձնեն, այնպես անեն, որ նրանք միմյանց մասին ոչինչ չիմանան, քանի որ չեն կարող անցել պատը», - ընդգծել է նկարիչը:
Արևելյան Բեռլինի՝ նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պետական անվտանգության նախարարության Hohenschönhausen մեկուսարանի նախկին կալանավոր Մարիո Ռուլինգը ասում է, որ իր կրած ապրումները այնքան խորն են, որ ամբողջ մնացած կյանքում չեն կարող մոռացվել: Նկարչի մտահղացման մասին նա ասում է, որ ներկայացվել է ճշմարտությունը, ինչը շատերն արդեն չեն ուզում լսել: Արևելյան Գերմանիայի նախկին բանտարկյալի պատմությունը ևս ներկայացված է այսօրվա արվեստի պատին:
Գերմանիայի անցյալը նա համեմատում է Եվրոպայի և ամբողջ աշխարհի այսօրվա իրավիճակի հետ, մասնավորապես՝ մեծ թվով փախստականների խնդիրների հետ, ասելով, թե անցյալի և այսօրվա զգացողությունը ասես նույնն է:
Բեռլինում նախկին կոմունիստական ռեժիմի Արևելյան Գերմանիան Արևմտյան Բեռլինից բաժանող պատը կառուցվել է 56 տարի առաջ՝ 1961 թվականի օգոստոսի 13-ին: Պատը տապալվեց 1989-ի նոյեմբերին՝ զանգվածային ակցիաների ու նախկին Խորհրդային Միության ղեկավարության որոշման արդյունքում: