Խոշոր հրդեհ Վայոց ձորի անտառային տարածքներում. հրդեհաշիջման համար օգտագործվում է ջրամբարի ջուրը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։

Ժամը 20:00-ին հրդեհի վայրից օգնություն են պահանջել: Դեպքի վայր է մեկնել 2 օպերատիվ խումբ՝ 7 հրշեջ-փրկարարով և 3 մարտական հաշվարկ: Ժամը 22:30-ին դեպքի վայրից հայտնել են, որ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ և 4.5 հա անտառածածկ տարածք։

ՓԾ տնօրենի կարգադրությամբ՝ դեպքի վայր է մեկնել ևս 5 մարտական հաշվարկ: Ժամը 00:50-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվել անտառտնտեսության 40, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի 35, Եղեգնաձորի բաժնի 27, Ջերմուկի բաժնի 11, մարզպետարանի 20 աշխատակիցներ և Արտավան գյուղի բնակիչներ:

Ըստ նախարարության, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:

Ժամը 06:25-ի դրությամբ՝ այրվում էր 230 հա խոտածածկ և անտառային տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:

Այսօր, ժամը 09:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 73 աշխատակից:

Ժամը 10:25-ի դրությամբ այրվել է 14 էլ. սյուն և հոսանքազրկվել է Արտավան գյուղը: