ԱՄՆ նախագահը հստակեցնում է իր դիրքորոշումները Հյուսիսային Կորեայի, Իրանի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ուն

Միացյալ Նահանգները միշտ էլ նախընտրում է բանակցությունները, սակայն պաշտոնական Փհենյանը «շատ, շատ նյարդային» կլինի, եթե որևէ բան անի ԱՄՆ-ի դեմ: Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով իր ավելի վաղ արված հայտարարությունը Հյուսիսային Կորեայի հասցեին, որ Միացյալ Նահանգներին ուղղված ցանկացած սպառնալիք կհանդիպի «հրի և ցասման»:

Թրամփի հայտարարությունից հետո, հիշեցնենք, պաշտոնական Փհենյանը հայտարարել էր, թե ծրագրում է հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզուն։

Երեկ ԱՄՆ նախագահը նաև վերահաստատել է իր դիրքորոշումը, թե Իրանը չի պահպանում 2015 թվականի միջուկային համաձայնագրի ոգին։

Այս պայմանագրով, հիշեցնենք, Իրանը միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց պարտավորվել է դադարեցնել իր միջուկային ծրագրերի զարգացումը։ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի դիտորդները հետևում են պայմանագրի դրույթների կատարմանը և եզրակացրել, որ Իրանը հավատարիմ է պայմանագրի պահանջներին։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնը քննադատում է Թեհրանին պայմանագրի ոգուն հավատարիմ չմնալու մեջ՝ հրթիռային փորձարկումների պատճառով։ Ի պատասխան, Իրանը պնդում է, որ հրթիռային այդ փորձարկումները բացառապես պաշտպանական նպատակ ունեն և չեն խախտում պայմանագրի դրույթները։