«Սասնա ծռերի» գործով դատավարությունները արդարադատության տեսանկյունից, ըստ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի, արդարադատության իրականացման պրոցես չէ։
«Ակնհայտորեն տեխնիկական իմաստով է դա մնում դատավարություն՝ կա՛ դատավոր, կա՛ մեղադրող, կա՛ մեղադրյալ և այլն, սակայն արդարադատության տեսանկյունից, երևի մարդ չկա, որ արդեն կասկած ունենա, որ դա արդարադատության իրականացման պրոցես չէ։ Երբ մեղադրյալները ծեծվում են, խոշտանգվում են դատարանի շենքում, երբ փաստաբանները խուզարկվում են, փորձում են նվաստացնել այդ մարդկանց արժանապատվությունը և մասնագիտական որակները հատկապես, ի՞նչ արդարադատության մասին է խոսքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը։
Ըստ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահի, «այսքան գիտելիք, այսքան դրամաշնորհ ու վարկ կերած երկիրը, որը պետք է ապահովեր արդարադատություն, փաստացի զվարճանում է բոլորի բանականության վրա»։
«Մեր ժամանակի տեղեկատվական տեխնոլոգիաների հոսքերի արագության համատեքստում այս հանցագործությունները, որոնք տեղի են ունենում արդարադատության դեմ, գուցե ավելի սարսափելի բան են, քան թե 30-ականների կամ 40-ականների, 50-ականների Սովետական Միության ժամանակվա եղած հանցագործությունները արդարադատության դեմ։ Ճիշտ է՝ այնտեղ ավելի զարհուրելի բաներ էին տեղի ունենում, բայց ունենալով այս տեսակ թափանցիկ աշխարհ, իմանալով՝ ինչ կա-չկա Երկիր մոլորակի վրա, այսքան գիտելիք, այսքան դրամաշնորհ ու վարկ կերած երկիրը, որը պետք է ապահովեր արդարադատություն, փաստացի զվարճանում է բոլորիս բանականության վրա», - ասաց Բարսեղյանը, շարունակելով՝ ակնկալել որևէ տեսակի արդարադատություն «ավտորիտար այս ռեժիմի» պայմաններում միամտություն է։
«Նորամուծություն էր փաստորեն, շատերս արձանագրեցինք, որ դատարանի դահլիճում արդեն կարելի է խոշտանգել մեղադրյալներին։ Ի՞նչ եք ուզում ապացուցել դրանով՝ շղթայված մարդուն դատարանում որ ծեծում եք, ի՞նչ եք անում, կարծում եք, որ նրանցից մի քանիսին, որ պատերազմի հերոսներ են, որ դատարանի դահլիճում այդ մարդկանց ծեծելով, խոշտանգելով նրանց հաղթում եք, հնարավո՞ր բան է պատկերացնելը, ասենք՝ հեր ու որդի հելել են զինված ապստամբության, հիմա որ դուք իրենց ծեծում եք, մտածում եք, որ կարող եք կոտրե՞լ այդ մարդկանց, էս տեսակ մտածողությա՞ն ենք հանգել։ Տարակույս չունեմ, որ ամենավերին մակարդակով լավատեղյակ են եղել, եթե չասեմ, որ արտոնված են եղել այդ հանցագործությունները մեղադրյալների նկատմամբ։ Փաստորեն նրանց զրկում եք արդարադատության իրավունքից։ Հասկանալի է, որ պետք է ասեն՝ «դե գնացե՛ք Վերաքննիչ, Վճռաբեկ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան», մարդկանց տարիներով անազատության մեջ պահելով դուք շարունակելու եք այդ խոշտանգումները, ակնկալել որևէ տեսակի արդարադատություն ավտորիտար այս ռեժիմի պայմաններում միամտություն է ուղղակի», - ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահը։
Բարսեղյանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր դատարաններում այդ դատական գործերի քննության ժամանակ, իրականում «թուլության դեմոնստրացիա» է։
«Կարիք չուներ Սերժ Սարգսյանը նման լկտիություններ արտոնելու, բայց արտոնել է, թույլ է տվել։ Տեղյակ չե՞ս եղել՝ կես ժամ հետո ձեռնամուխ լինեիր՝ վերջապես էդ հանցագործությունները բացահայտվեին, որոնք տեղի էին ունենում դատարանի դահլիճում։ Ըստ երևույթին ուժ է ուզում ցուցադրել, բայց իրականում սա թուլության դեմոնստրացիա է», - ասաց Բարսեղյանը։
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը: