Սևանից բաց թողնված հավելյալ ջուրը հասցեատիրոջը չի հասնում․ գյուղացիները բողոքում են

Այս տարի Սևանից հավելյալ բաց թողնված 100 միլիոն խմ ջուրը, որը պետք է դառնար գյուղացու փրկության օղակը, իրական հասցեատիրոջը չի հասնում, դժգոհում են Արագածոտնի մարզի բնակիչները:

Շամիրամ համայնքի բնակիչներն այսօր «Ազատությանը» պատմեցին, որ ջրի անբավարարության պատճառով չորացել է գյուղի 600 հա վարելահողերի գրեթե կեսը։ Ինչու ջուր չունենք՝ հարցին շամիրամցիներն արձագանքում են՝ ջուրը գյուղացուն տալու փոխարեն, գնում է ՀԷԿ-երին։

Շամիրամցիները մեզ ուղեկցում են դեպի Արզնի-Շամիրամ գլխավոր մագիստրալ, Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանը ցույց է տալիս ու ասում՝ այս քիչ քանակությամբ ջրից պետք է օգտվի 5 համայնք։ Իրենք, օրինակ արդեն 1 ամիս 20 օր է ջուր չեն տեսել։

«Այս ջուրը Շամիրամ համայնքի, Արուճի, Ագարակի, Պարտիզակի, Նոր Ամանուսի համար է: Էս ջրով ո՞նց ջրենք, չի հերիքում», - բողոքում է գյուղապետը:

Այն, որ Սևանի ջուրը գյուղացուն ամբողջությամբ չի հասնում գիտեն թե՛ մարզպետարանում, թե՛ կառավարությունում՝ պնդում են շամիրամցիները։ Ասում են՝ երբ ջրի վարձը ժամանակին չենք մուծում՝ դատարանով են այն գանձում։ Հիմա ո՞վ է փոխհատուցելու վառված դաշտերի և այն պայմանագրի խախտման համար, որով պետք է ըստ գրաֆիկի ջուր ունենային, բայց չունեն։ Նույն հարցը բարձրացնում են նաև Աղձք համայքնի բնակիչները։ Սևանի ջուրը ոռոգման նպատակով պետք է օգտագործեին նաև իրենք, բայց մինչև այսօր գյուղատնտեսների գրեթե կեսը անգամ 1 սմ հող չի ջրել։

Այն, որ Սևանից վերցված ջուրը գնում է ՀԷԿ-երին, լսել են նաև Ոսկեհատում։ Բնակիչներն այստեղ պնդում են՝ 1 ամսից ավելի է ջուր չունեն, ՋՕԸ պետն էլ՝ արձակուրդում է։

Հիդրոմետ ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօրվա դրությամբ Սևանից բաց է թողնվել 194 միլիոն 526 հազար խմ ջուր։ Հիշեցնեմ՝ Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխությամբ՝ ջրառն այս տարի գերազանցեց օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետրն ու մինչև ոռոգման սեզոնի ավարտը կկազմի 270 միլիոն խմ մետր։ Եթե հավելյալ ջրառի պարագայում անգամ, գյուղացին կրկին բողոքում է երաշտից, ապա ո՞ւր է գնում այդ ջուրը՝ հարցն ուղղում ենք ՋՏՊԿ Ջրօգտագործման բաժնի պետ Արշակ Գրիգորյանին։

«Ընդունենք՝ ՀԷԿ-ը օգտագործեց, այդ ջուրը հետո ՀԷԿ-ը հետ է վերադարձնում Սևա՞ն, թե՞ ուղարկում է տրանզիտով եսիմ որտեղ», - հարցնում է ՋՏՊԿ Ջրօգտագործման բաժնի պետ Արշակ Գրիգորյանը: - «Էդ ջուրը ո՞ւր է գնում, որ ասում են՝ ՀԷԿ-երին: Տվյալ ջուրը ՀԷԿ-ը օգտագործում և թողնում է Քասախ գետի մեջ, որը հետո օգտագործվում է մեր կողմից համայնքներում»:

Սևան-Հրազդան կասկադը բաղկացած է 7 ՀԷԿ-ից՝ տեղեկանում ենք կասկադը շահագործող Միջազգային Էներգետիկ Կորպորացիա ընկերության կայքէջից: ՀԷԿ-երը կառուցված են Սևանից սկիզբ առնող Հրազդան գետի վրա: Ու որքան էլ պատասխանատուները պնդում են, թե Սևանից ջրառը կատարվեց գյուղացու համար, էկոլոգ Լուսինե Թասլաքյանը կարծում է, որ լիճը սպասարկում է որոշ անձանց շահերը և ջրառի հիմնական նպատակը հավելյալ շահույթ ստանալն էր։

«Թե՛ ՀԷԿ-երի առումով, թե՛ ձկնաբուծարանների տեսանկյունից, որ իրենց պատճառով արարատյան արտեզյան ավազանը վատ վիճակում է, էլի իրենց՝ իշխանավորների, հարուստների գրպանն է դա գնում», - ասում է էկոլոգը:

Սևան- Հրազդան ոռոգման ցանցը սպասարկում է շուրջ 130.000 ջրօգտագործողի։ 4 մարզերով անցնող համակարգը ճիշտ կառավարման խնդիր ունի՝ վստահ է էկոլոգը։

Այն որ ջրօգտագործող ընկերությունները թերանում են իրենց աշխատանքում՝ ընդունում են նաև Ջրպետկոմում։ «Ջրառ» ընկերության գլխավոր ճարտարագետ Գագիկ Մկրտչյանի կարծիքով՝ պետք է ջրի բաշխումը կազմակերպել այնպես, որ ջրագծից հեռու գտնվող հատվածները չտուժեն։

«Ջրօգտագործող ընկերությանը չեմ ուզում դասեր տալ, բայց ջուրը թող վերջից ոռոգում կազմակերպեն, նոր մոտիկանան ջրաղբյուրի մոտիկ տարածքներին», - ասում է ճարտարագետը:

Ոռոգման այս մեծ համակարգը գտնվում է նաև վթարային վիճակում։ Ըստ հաշվարկների՝ կորուստները հասնում են մոտ 50 տոկոսի։