Հուսահատ վանաձորցին մինչև վերջ պայքարելու է «կոպեկներով» վաճառված տունը ետ բերելու համար, «հանուն ծանր հիվանդ երեխայի»

Վանաձորցի Ռոբերտ Բալայանը հուսահատության եզրին է

Վանաձորցի 40-ամյա Ռոբերտ Բալայանը 3 տարի է փորձում է սկզբում բանկի, ապա՝ նոր սեփականատիրոջ ձեռքն անցած իր երեք սենյականոց բնակարանը ետ բերել։ Անչափահաս երեխայի մոտ որոշ ժամանակ առաջ անսպասելիորեն ի հայտ եկած ծանր հիվանդության պատճառով ընտանիքի ծախսերը քառակի ավելացել են, մեկ տարի անց Ռոբերտը նաև աշխատանքն է կորցրել ու հայտնվել աղքատության ճիրաններում։

Հիփոթեքային վարկի դիմաց գրավադրված տունն, ըստ փաստաթղթերի, այլևս իրենը չէ։ Բանկն այն աճուրդի է հանել ու ժամանակին ավելի քան 4,5 միլիոն դրամով ձեռքբերված երեք սենյականոց բնակարանը վաճառել 800 հազար դրամով։ Մինչդեռ դա տույժ ու տուգանքների պատճառով ձնագնդի նման մեծացած պարտքի մի չնչին մասն է միայն։ «800 հազար մի ժիգուլին էսօր արժե, մի հատ տնակը 800 հազար դրամ չարժե։ Մի հատ ամբողջ ընտանիքի ճակատագրի հետ եք խաղո՞ւմ»,- տարակուսում է Ռոբերտը։

Այսօր նրա ձեռքի տակ են աճուրդի փաստաթղթերը։ Կասկածներ ունի, թե աճուրդը ձևական է եղել, մանավանդ, ասում է՝ գնորդը Լոռու դատախազներից մեկի մայրն է։ ԴԱՀԿ-ից խնդրել է տրամադրել կասկածելի թվացող տեղեկությունները, բայց պատասխանել են, թե դրանք հրապարակման ենթակա չեն։

«Մարդն ամբողջ կյանքը արարում ա, ստեղծում ա, միլիոններով գումարներ ա դնում, ինչ-որ կապիտալ ա հետ գցում, ու կոպեկներով ինչ-որ մեկը, մի հատ սենց լավ պաշտոնյա, կերած-խմած, չալաղաջ պաշտոնյա, օրենքի սահմանած կարգով, տառին ու բառին համապատասխան՝ գալիս ա առնում ա։ Այսինքն ի՞նչ, ևս մի հատ ընտանիք ճամպրուկ վեր կալավ ու գնա՞ց։ Հա, բան չասեցի, դատախազ մարդ ա, ինքն էլ իրավունք ունի աճուրդին մասնակցելու: Բայց էդ տան շուկայական գինը էսօր 10-15 հազար դոլար ա։ Թող գնար քրտներ իմ նման, 2-3 օր սոված մնար ու գնար տուն առներ»,- գանգատվում է ունեցվածք կորցրած վանաձորցին:

Հարկադիր աճուրդների կարգն ու օրենքները մանրազնին ուսումնասիրած Ռոբերտը լուրջ կասկածներ ունի, որ դրանց համաձայն օտարվող գույքը ներքին համաձայնությամբ և շուկայականից չափազանց ցածր գներով բաժին է հասնում դիրք ու պաշտոն ունեցողներին․ «Ովքե՞ր են մասնակցում էլեկտրոնային աճուրդին։ Հաստատ դուք չեք մասնակցում, հաստատ ես չեմ մասնակցում, հաստատ իմ հարևանները չեն մասնակցում։ Մասնակցում են էն մարդիկ, էն համակարգը, որ կոչվում ա օլիգարխիկ համակարգ, ովքեր ունեն փող»:

Երկու անչափահաս երեխաների հայրն ասում է՝ բանկին խնդրել է պարտքը մարելու մեխանիզմ սահմանել, որոշ չափով գոնե սառեցնել իր պարտավորությունները, սակայն բանկն այդպես էլ չի ընդառաջել։ Որևէ համաձայնության չի եկել նաև բնակարանի նոր տիրոջ հետ։ «Ասում եմ՝ խնդրում եմ ինձ ժամանակ տվեք, ինձ 3-4 ամիս ժամանակ տվեք, ես նույնիսկ պատրաստ եմ ձեր վճարած գումարներն աշխատեմ՝ հետ տամ․․․ոչ մի ձևով կոմպրոմիսի չեկանք»։

Ռոբերտը չի ընկրկում, պատրաստվում է դատարան դիմել։ Վստահ չէ, թե կհաղթի, բայց ասում է՝ հանուն երեխաների, հանուն գլխուղեղի հիվանդության ծանր ախտորոշում ունեցող որդու, պատրաստ է ամեն ինչի: «Ես չեմ ուզում էս տնից դուրս գամ։ Ո՞նց ա գազանը իրա ձագերին պաշտպանում, այ նմանատիպ ձևով պատրաստ եմ պաշտպանելու։ Ով ուզում ա գա: Ես սկի չեմ կարում էսօր տարրական դեղորայքի և այլ հարցեր լուծել, ես էսօր գնամ վարձով ապրե՞մ», - ասում է հուսահատ Ռոբերտ Բալայանը: