«Երկիր Ծիրանին» ևս մտադիր է բարձրացնել փողոցների և դպրոցների անվանափոխման հարցը

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը ևս մտադիր է քաղաքապետարանում բարձրացնել բոլշևիկ գործիչների անունները կրող փողոցներն ու դպրոցները անվանափոխելու հարցը։ Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ պատրաստվում է սկսել Լենինգրադյան փողոցից։

«Սա նշանակում է, որ մենք մեր ընդհանուր մոտեցումն ենք փոխում, նաև քաղաքական գնահատական ենք տալիս իրողություններին», - պարզաբանեց Փոստանջյանը:

Ազգային ժողովի նախկին պատգամավորի համոզմամբ, շատ կարևոր է թե ում անուններով կանվանվեն փողոցներն ու դպրոցները, յուրաքանչյուրի համար «Երկիր Ծիրանին» իր տարբերակն ունի, սեպտեմբերին մեկնարկող ավագանու նիստում փաստաթուղթը կներառվի օրակարգում։

Բոլշևիկների անուններով փողոցներն ու դպրոցները անվանափոխելու մտադրության մասին նախորդ շաբաթ հայտարարեց նաև Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» դաշինքը։ Փոստանջյանի խոսքով՝ ինքն ավելի վաղ է արտահայտվել նման նախաձեռնության մասին, իսկ հարցին՝ պատրա՞ստ է արդյոք համագործակցել ընդդիմադիր գործընկերների հետ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարն այսպես արձագանքեց․ - «Եթե որևիցե մեկի հայտարարությունները համահունչ են մեր ծրագրերի հետ, իհարկե, մենք դրան դրական ենք վերաբերվում: Բայց մնացած հարցերում մենք գործընկերներ չունենք»:

Երևանի հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղյակ է ընդդիմադիրների նախաձեռնությունից, երեկ պատասխանելով Ազատության հարցին, նա վստահեցրել էր թե պատրաստ է քննարկել այդ հարցը։

Հիշեցնենք, երեք տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հանրապետական մեծամասնություն ունեցող Երևանի նախորդ ավագանին որոշեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական գործիչ, Ստալինի և Խրուշչովի մերձավոր գործընկեր Անաստաս Միկոյանի արձանը: Հանրային ճնշման արդյունքում իշխանությունները հետ կանգնեցին որոշումից:

Ըստ Զարուհի Փոստանջյանի փողոցների անվանափոխությունը վերջնական լուծում չէ: Ընդդիմադիր գործչի հայտարարեց, որ բոլշևիզմը Հայաստանում վերացնելու համար պետք է ազատվել այդ գաղափարախոսության մերօրյա ներկայացուցիչներից․ - «Կենդանի բոլշևիկները այլևս պետք է քաղաքականության մեջ չլինեն: Կենդանի բոլշևիկներից վերջինը հանգրվանել է Բաղրամյան 26-ում, և հետևաբար առաջինը պետք է կենդանի բոլշևիկներից ազատվենք»:

Նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիշեցնենք, մայիսին կայացած մայրաքաղաքային ընտրություններում ստացել էր ավագանու հինգ մանդատ։ Կարճ ժամանակ անց ընդդիմադիր խմբակցությունը տրոհվեց՝ ավագանու երկու անդամները, արժանանալով մյուս երեքի անվստահությանը, լքեցին կուսակցությունը, բայց վայր չդրեցին մանդատները։