«Հայաստանի ներդրողների ակումբը» էներգետիկ ոլորտում խոշոր ներդրումային ծրագիր կիրականացնի

Վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի տասնյակ գործարարների մասնակցությամբ ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբը» հանդես է գալիս Հայաստանի էներգետիկ ոլորտում խոշոր ներդրումային ծրագրով:

Կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել Լոռու մարզում 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին շրջանակային համաձայնագիրը, որը կնքվել է ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև:

Ծրագրի ներդրումային արժեքը գնահատվում է մինչև 150-180 մլն դոլար:

«Հայտնի է, որ Դեբեդ և Արաքս գետերի ջրային ռեսուրսները մնում են թերօգտագործված, այս ներդրումային ծրագիրը նպատակ ունի մասամբ լրացնել այդ բացը», - նշել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: - «Սա «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի առաջին խոշոր ծրագիրն է, որը քննարկվել է ֆոնդի ստեղծման առաջին իսկ օրվանից՝ բավականին մանրակրկիտ»,- նշել է Մանուկյանը:

Նախարարի խոսքով, այս ՀԷԿ-ի կառուցման և արդեն իսկ տրված լիցենզիաների շրջանակում փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում մեր երկրի ներքին ռեսուրսներով արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կմոտենա 50 տոկոսի: Ըստ Աշոտ Մանուկյանի՝ 10 տարի առաջ նույն ցուցանիշը հասնում էր 18-20 տոկոսի:

Կառուցվելիք ՀԷԿ-ը կարտադրի Հայաստանի ներքին սպառման էլեկտրաէներգիայի հինգ տոկոսը:

Կառավարությունը երաշխավորում է, որ կայանի կոմերցիոն շահագործմումից հետո 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կգնի տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: ՀԷՑ-ը հիշեցնենք, պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին», ով «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիրներից է:

Ներդրման մասին խոսելը, դեռ ներդրում չէ, ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ հիշելով այլ ներդրումային բազմաթիվ ծրագրեր, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել․ - «Դա ընդամենը կառավարության որոշում է, որը դեռևս պետք է իրականություն դառնա ես չգիտեմ քանի տարի հետո: Սա ուղղակի ոչ թե զուտ կոնկրետ ներդրումներ անելու խնդիր է, այլ ցուցադրական ներկայացում, բայց թատերական ներկայացումների արդյունքում քաղաքացիների բարեկեցության մակարդակը չի ավելանում»:

Տնտեսագետը նաև անհասկանալի է համարում, թե ինչու բաց մրցույթ չի հայտարարվել հիդրոէլեկետրոկայանի գրավիչ թվացող ծրագիրն իրականացնելու համար․ - «Այս ամեն ինչը հիշեցնում է՝ ընկերներով հավաքվենք, եղած չեղածը առնենք՝ այդ տարբերակն է»:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր դրական ու հեռանկարային գնահատեց նախագիծը: Էներգետիկայի նախարարը նաև ներկայացրեց, որ մինչև 2036 թվականը էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ծրագրով Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա:

«Փոխվարչապետի և ֆինանսների նախարարության հետ այժմ քննարկում ենք կայունացման հիմնադրամի ստեղծումը, որը մեզ հնարավորություն կտա մինչև 2036 թվականը սակագները պահպանել գործող մակարդակի վրա», - ասել է Աշոտ Մանուկյանը՝ ընդգծելով, որ մինչև սեպտեմբեր էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը կներկայացնեն կառավարության քննարկմանը: - «Դա բավականին ամբիցիոզ ծրագիր ու գաղափար է: Դրա համար այժմ փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի կայունացնենք այն հիմնադրամը, որը մեզ ոչ միայն հնարավորություն, այլև վստահություն կտա հայտարարել, որ առաջիկա 1.5 տասնամյակում գոնե սակագների վրա էական ազդեցություն չի լինելու, բացառելու ենք նաև արտաքին ազդեցությունները», - նշեց նախարարը:

«Հայաստանի ներդրողների ակումբը» հիմնադրվել է հունվարին: Վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված ակումբը այս տարվա համար խոստացել է մոտ 300 միլիոն դոլարի ներդրումնային ծրագրեր իրականացնել: Նախաձեռնության պաշտոնական կայքում նշված ծրագրերի թվում են Շնող հիդրոէլեկտրակայանը, Հայաստանում 50 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը, կենցաղային աղբից էներգիայի ստացման կայանը, և Մեղրիի հիդրոէլեկտրակայանը: