Թուրքիայի անվտանգության ուժերը Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել, ով կասկածվում է ամերիկյան ռազմական օդանավերի դեմ ահաբեկչական հարձակում պլանավորելու մեջ:
Hurriyet Daily News-ը հաղորդում է, որ ձերբակալվածը՝ Ռենատ Բակիևը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից է:
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բակիևը պլանավորել է անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում իրականացնել Թուրքիայի հարավում, Ադանայի նահանգում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան օդանավերի դեմ: Այդ նպատակով նա ուսումնասիրել է Ադանա քաղաքի և «Ինջիրլիքի» շրջակայքը: Բակիևը նաև պլանավորել է ահաբեկչական հարձակում գործել տեղի ալևիների համայնքի կենտրոնի վրա: Նա ձերբակալվել է հենց ալևիների կենտրոնի մերձակայքում։
Այսօր կասկածյալը կանգնելու է դատարանի առաջ, մինչ այդ նա13 օր հարցաքննվել է:
Ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդումների, հարցաքննությունների ժամանակ նա հաստատել է, որ ջիհադիստ խմբավորումների անդամ է: Նա ասել է, որ «ալևիները Աստծո թշնամիններն են և պետք է սպանվեն»:
Նա նաև հայտնել է, թե Սիրիայում փորձել են հարձակում կազմակերպել ամերիկացի զինծառայողների վրա, սակայն փորձը ձախողվել է: Բակիևը խոստովանել է, որ Ադանայի նահանգում էր «Իսլամական պետության» անունից հարձակում կատարելու նպատակով և «Ինջիրլիքի» շրջակայքը հետախուզել է անօդաչու թռչող սարքի միջոցով ամերիկյան օդանավ խփելու նպատակով:
Հաղորդվում է, որ նա Telegram messagging-ի միջոցով զինյալներին ուղարկած գրությամբ 2800 թուրքական լիրա է պահանջել՝ անօդաչու թռչող սարք գնելու նպատակով:
Ռենատ Բակիևը նախկինում փորձել էր Սիրիայից անօրինական ճանապարհով անցնել Թուրքիայի տարածք, սակայն սահմանին ձերբակալվել էր և արտաքսվել Թուրքիայից: Haber Turk-ը հաղորդում է, որ նա լավ տիրապետում է անգլերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներին:
Անկարայում Ռուսաստանի դեսպանության մամուլի քարտուղար Իրինա Կասիմովան ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը ասել է, որ դեսպանությունը զբաղվում է այս հարցով:
«Այսօր առավոտյան թուրքական լրատվամիջոցները հաղորդել են Ռուսաստանի քաղաքացի Ռենատ Բակիևի ձերբակալության մասին: Նա ձերբակալվել է Թուրքիայի տարածքում, ինչպես կարելի է հասկանալ՝ ահաբեկչական գործունեության կասկածանքով: Ռուսաստանի դեսպանությունը անհրաժեշտ աշխատանք է տանում տվյալ իրավիճակը և այդ գործի հանգամանքները պարզելու համար», - ասել է Անկարայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղարը:
Daily Sabah-ը հիշեցնում է, որ բեռնատարի միջոցով «Ինջիրլիքում» պայթյուն պլանավորելու կասկածանքով անցած հունիսին Ադանայի հակաահաբեկչական ոստիկանությունը 11 կասկածյալի էր ձերբակալել, նրանց թվում էր, ինչպես մամուլն էր կոչել, «Իսլամական պետության» Ադանայի «էմիր», ազգությամբ թուրք 32-ամյա Աբդուլքերիմ Չ.-ն: