Միացյալ Նահանգները քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգոստոսի 8-ին Աբխազիայի անջատական տարածք այցելելու համար: Վաշինգտոնն այդ այցը «աննպատակահարմար» է անվանել:
Պուտինը Վրաստանից անջատված տարածք է մեկնել ռուս-վրացական կարճատև պատերազմի 9-րդ տարելիցի օրը և տեղի իշխանություններին հավաստիացրել է, որ Մոսկվան անվերապահորեն սատարելու է Աբխազիային:
Այդ պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և երկու անջատական տարածքներում տեղակայել է ռազմական խոշոր ստորաբաժանումներ: Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Վրաստանն, ինչպես նաև աշխարհի երկրների գերիշխող մեծամասնությունը չեն ճանաչում Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և համարում են, որ Ռուսաստանը զավթել է այդ տարածքները:
Անցած շաբաթ՝ այցելելով Վրաստան, Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հավաստիացրել է, որ Ռուսաստանի հետ վեճում Վաշինգտոնը միանշանակ սատարում է Թբիլիսիին:
Պետական դեպարտամենտը երեկ տարածել է հայտարարություն, ըստ որի, Միացյալ Նահանգները անվերապահորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
«ԱՄՆ-ը Ռուսաստանին հորդորում է դուրս հանել ստորաբաժանումները և վերանայել վրացական տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին որոշումները», - ասվում է Պետական դեպարտամենտի հատարարույունում: