Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչները վստահ են՝ իրենց անասունները դաբաղ հիվանդությամբ են վարակվել, ըստ նրանց՝ բոլոր նախանշաններն այդ մասին են վկայում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրենք միայն նախորդ օրն են իմացել խնդրի մասին, այն էլ լրատվամիջոցներից, ապա այցելել են գյուղ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Սողոյանի խոսքով գյուղում չեն գտել այնպիսի կենդանի, որից հնարավոր էր նմուշ վերցնել լաբորատոր փորձաքննության համար: Նշենք, որ դաբաղը կենդանիների սուր վարակիչ հիվանդություն է, որը շատ արագ է տարածվում և փոխանցվում է նաև կենդանուց մարդուն։
Թեև անասունները տարբեր վարակների դեմ պատվաստանյութ ստացել են, բայց գյուղացիները կասկածում են թե՛ դրանց որակի, թե՛ արդյունավետության վրա:
Կամո Սողոյանը մինչդեռ բացառում է, թե պատվաստանյութերը անորակ կամ ժամկետանց են:
Սողոյանն անասունների հիվանդությունը կապում է չոր եղանակային պայմանների հետ, ինչի հետևանքով դիմադրողականության անկում է նկատվում նրանց մոտ:
Անասնապահությամբ ապրող դեբեդեցիներն ասում են՝ անասունները դեռ մայիս ամսից են հիվանդացել: Իրենք շարունակ գումարներ են ծախսում, դեղորայք գնում, բայց անարդյունք: Այսպես շարունակվելու դեպքում, մտավախություն ունեն, որ կզրկվեն եկամտի միակ աղբյուրից:
ՍԱՊԾ ներկայացուցիչն էլ իր հերթին ասում է՝ ստիպված են սպասել այնքան, մինչև փորձանմուշ կվերցնեն որևէ հիվանդ կենդանուց, կպարզեն իրական հիվանդությունը, ինչից հետո բուժման քայլեր կձեռնարկեն: Իսկ մինչ այդ սահմանափակվել են միայն գյուղացիներին ցուցումներ տալով: