Մասնավոր ընկերությունները չեն ցանկանում զբաղվել հեռուստաալիքների թվայնացման գործով․ արդեն երկրորդ անգամ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը չկայացած է հայտարարել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր կազմակերպած մրցույթը, քանի որ որևէ ընկերություն չի դիմել:
Լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարությամբ են հանդես եկել՝ ևս մեկ անգամ արտահայտելով իրենց մտահոգությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Այն, որ որևէ մասնավոր ընկերություն չի ցանկանում դառնալ մուլտիպլեքսոր ՝ վառ ապացույց է, որ լիցենզավորման պահանջները հրապուրիչ չեն, մասնավորապես պահանջներից մեկը, որ մասնավոր մուլտիպլեքսորը պետք է ընդգրկի Հայաստանի ամբողջ տարածքը, իսկ համայնքային և մարզային ծածկույթ ունեցող մուլտիպլեքսոր չի նախատեսվում, ոչ մի լավ հեռանկար չի խոստանում ոլորտին, նշում են լրագրողական կազմակերպությունները շարունակելով:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանն ասում է՝ այս խնդրի մասին բարձրաձայնել են տարիներ շարունակ, սակայն իրենց առաջարկները իրականություն չեն դարձել․ - «Մեր առաջարկներից մեկը հենց սկզբում եղել է այն, որպեսզի հնարավորություն տալ փոքրիկ հեռուստաընկերություններին կատարել նաև մուլտիպլեքսի դեր և միգուցե ցանցային մոտեցմամբ կամ անհատական մոտեցմամբ իրենք կարողանային ապահովել հենց իրենց սեփական հեռարձակումը: Սակայն մինչև այսօր դա չի ընդունվել»:
Լրագրողական կազմակերպությունները նշում են՝ մրցույթի չկայանալը նշանակում է, որ թվային հեռարձակման հանրային ցանցը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, անորոշ ժամանակով պահպանելու է իր մենաշնորհ դիրքը։ Տուժում են հատկապես մարզային տասից ավելի հեռուստաընկերությունները, որ թվային հեռարձակման չեն կարողանում անցնել՝մասնավոր մուտիպլեքսորի բացակայության պատճառով:
«Միգուցե մենք ունենք մինչև 5 լրատվամիջոց մարզային, որոնք իսկապես կկարողանային զարգանալ, բայց, ցավոք սրտի, այս իրավիճակը թույլ չի տալիս», - նշեց նա:
Երբ ստեղծվեց առաջին և դեռևս միակ մուլտիպլեքսը, թվային հեռարձակում ունենալու հնարավորություն ստացան 28 հեռուստաալիքներ, որոշվեց յուրաքանչյուր մարզում թվայնացված եթեր ունենալու հնարավորություն տալ միայն մեկ հեռուստաընկերության: Մյուսներն արդեն պետք է դիմեին մասնավորին, երբ այն մուտք գործեր շուկա, սակայն արդեն երկրորդ տարին է՝ որևէ ընկերություն չի ցանկանում թվայնացնել անալոգային հաճախականությունը:
«Բոլոր երկրներում թվային հեռարձակման անցման ճանապարհին մեդիան զարգանում է, իսկ Հայաստանում ընդհակառակը՝ եղած լրատվամիջոցների մի մասն էլ փակվում են կամ արդեն փակման եզրին են կանգնած», - ասում է մարզային «Լոռի TV» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը: - «Բարդ խնդիր չկա այստեղ: Մենք բազմաթիվ անգամներ եղել ենք տարբեր երկրներում, ուսումնասիրել այդ երկրների փորձը, տեսել, թե ինչպես են այդ երկրներում անցում կատարում անալոգայինից թվային հեռարձակման: Հայաստանում դա չի ստացվում, որովհետև ոչ թե տեխնիկական խնդիրներ կան, ինչպես իրենք են ասում: Այդպիսի խնդիր գոյություն չունի: Գոյություն ունի քաղաքական խնդիր»:
Լրագրողական կազմակերպությունները Ազգային ժողովից պահանջում են հանրային քննարկումներ կազմակերպել, իսկ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից՝ վերանայել ոլորտի կարգավորման համար մինչ օրս որդեգրած սկզբունքներն ու մոտեցումները և քայլեր ձեռնարկել խնդիրները լուծելու ուղղությամբ:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն ասում է, որ երբ 2010 թվականից սկսեցին պատրաստվել թվայնացմանը, օրենսդրությունը մշակել, չէին կարող պատկերացնել, որ հնարավոր է մասնավոր մուլտիպլեքսի մրցույթին մասնակցող չլինի:
«Որովհետև բոլոր տնտեսագետների հաշվարկով դա այն ժամանակ, երբ այս օրենքը ընդունվում էր, իսկապես արդյունավետ և շահաբեր բիզնես էր», - նշեց ՀՌԱՀ անդամը: - «Վերջին մի քանի տարվա ընթացքում այս ինտերնետ հեռուստատեսությունը և ընդհանրապես՝ լայնաշերտ ինտերնետի զարգացումը այնպիսի պայթյունային առաջընթաց ունեցան, որ հեռուստատեսությունը սկսում է տարեցտարի դիտելիությունը կորցնել, կորցնում է նաև իր գովազդատուներին», - նշեց Տիգրան Հակոբյանը:
ՀՌԱՀ անդամի խոսքով, վերջին հինգ տարում հեռուստաընկերությունների գովազդի ծավալը նվազել է 2.5 անգամ:
«Շատ ներդրողների համար այդ վերգետնյա հեռարձակումը արդեն համարվում է ոչ շահութաբեր բիզնես: Մենք դա այս տարի երևի հասկացանք արդեն, որովհետև երկրորդ մրցույթը չկայացավ՝ խոսքը գնում էր մոտ 10-12 միլիոն դոլարի մասին, և բնական է, որ մենք արդեն պետք է մտածենք այդ մրցույթի բովանդակությունը փոխել կամ հրաժարվել հանրապետական մուլտիպլեքսոր ստեղծելու գաղափարից», - նշեց Տիգրան Հակոբյանը: