Մադրիդի «Ռեալը» չորրոդ անգամ նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», երեկ երեկոյան ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում 1-2 հաշվով պարտություն կրեց իսպանական Մադրիդի «Ռեալից»: Չեմպիոնների լիգայի այս տարվա հաղթող արքայական ակումբը չորրորդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին, ընդ որում երրորդ անգամ՝ վերջին չորս տարիներին:

Հանդիպման հաշիվը բացվեց 24-րդ րոպեին: Աչքի ընկավ մադրիդցիների կիսապաշտպան Կասեմիրոն, երկրորդ խաղակեսի սկզբնամասում Գարեթ Բեյլի փոխանցումից հետո Իսկոն հաշիվը դարձրեց 2:0:

62-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անգլիական ակումբը անել չկարողացավ:

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած խաղից հետո լրագրողների հետ զրույցում անգլիական ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասաց, որ Չեմպիոնների լիգայի այս տարվա հաղթող Մադրիդի «Ռեալն» ակնհայտորեն ավելի լավ ներուժ ուներ, քան համեմատաբար թույլ համարվող Եվրոպայի լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Կարծում եմ՝ պետք է գնանք լավ զգացողությամբ և նույն կերպ, հրաշալի փորձառությամբ առաջիկա կիրակի սկսենք Անգլիայի Պրեմիեր Լիգան: Սեպտեմբերին էլ կմասնակցենք Չեմպիոնների լիգային, և ով գիտի՝ գուցե նորից «Ռեալ Մադրիդին» հանդիպենք, կամ եվրոպական մեկ այլ առաջատար ակումբի: Այս սուպերգավաթը իսկապես լավ փորձառություն էր մեզ համար», - նշեց Մոուրինյոն:

Իսկ սուպերգավաթի հաղթող Մադրիդի «Ռեալի» երբեմնի նշանավոր ֆուտբոլիստ, իսկ այժմ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետխաղյա ասուլիսում ասաց, որ իր թիմը միշտ ծարավ է հաղթանակի: - «Այս թիմը միշտ ավելին է ուզում, նրանք միշտ ցանկանում են հաղթել, և այսօր գրեթե կատարյալ հանդիպում ստացվեց», - մեկնաբանեց Զիդանը:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումից առաջ Չեմպիոնների լիգայի` «Թվիթերի» պաշտոնական էջը Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել: Հայաստանի հավաքականի ավագը խոսում է անգլիական թիմի երկրպագուների` իրեն ուղղված հայտնի երգի մասին:

«Շատ ուրախ եմ և շատ շնորհակալ, որ Մանչեստրի երկրպագուներն ունեն ինձ նվիրված երգ: Եվ հույս ունեմ, որ ես նրանց անհույս չեմ թողնի և կփորձեմ էլ ավելի լավ խաղալ, որպեսզի նրանք էլ ավելի շատ երգեր կարողանան իմ մասին գրել», - ասել է Մխիթարյանը: