Իլդար Դադինը դիմել է ՄԻԵԴ` իրեն ծեծի ենթարկելու տեսանյութը լրատվամիջոցներում հայտնվելու համար

Ռուսաստանցի ակտիվիստ Իլդար Դադին, արխիվ

Ռուսաստանցի քաղաքացիական ակտիվիստ Իլդար Դադինը Ռուսաստանի իշխանությունների դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն ծեծի ենթարկելու տեսանյութը լրատվամիջոցներին փոխանցելու համար:

Նրա փաստաբանը նշել է, որ խախտվել է իր պաշտպանյալի անձնական կյանքի գաղտնիությունը: Կարելիայի մեկուսարանի տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, որտեղ նա ծեծի էր ենթարկվել, հայտնվել էր ռուսական լրատվամիջոցներում առանց Դադինի համաձայնության:

Հունիսին Մոսկվայի դատարանը մերժել էր նրա հայցը ընդդեմ Քրեակատարողական հիմնարկների դաշնային ծառայության: Ակտիվիստը նաև 350 հազար ռուբլի փոխհատուցում էր պահանջել:

Իլդար Դադինը 2015 թվականին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու մեղադրանքով: Նա այդ հոդվածով Ռուսաստանում դատապարտված առաջին մարդն է: Անցած տարվա նոյեմբերին ակտիվիստը հայտնել էր, որ մեկուսարանում ծեծի և խոշտանգումների է ենթարկվել հսկիչների կողմից: Ռուսաստանի Սահմանադրական դատարանի ցուցումով Գերագույն դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատավճիռը, և այս տարվա փետրվարի 26-ին Դադինը ազատ է արձակվել:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները Իլդար Դադինին ճանաչել էին քաղբանտարկյալ: