Գորբաչով. «Փոխզիջում գտեք, քանի դեռ ուշ չէ»

Ռուսաստան - ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Կարմիր հրապարակում դիտում է Հաղթանակի օրվա զորահանդեսը, Մոսկվա, 9-ը մայիսի, 2017թ.

Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին կոչ է անում բարելավել երկու երկրների հարաբերությունները:

Anadolu թուրքական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Գորբաչովն ասել է, թե Մոսկվան և Վաշինգտոնը պետք է ելք որոնեն նույնիսկ ամենաբարդ կացությունից:

«Ամերիկայի և Ռուսաստանի առաջնորդները պարտավոր են փոխզիջում գտնել, քանի դեռ ուշ չէ: Իմ խորհուրդն է՝ խուճապի մի՛ մատնվեք և մ՛ի փորձեք մեկդ մյուսին վախեցնել», - ասել է նախկին ԽՍՀՄ ղեկավարը:

Anadolu գործակալությունը նշում է, որ 86-ամյա Գորբաչովը 20-րդ դարի ամենափորձառու պետական գործիչներից մեկն էր, ով իրականացրել է իր երկրի համար պատմական նշանակության քաղաքական և տնտեսական բարեփոխումներ և Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ համատեղ նախաձեռնել է միջուկային զինաթափման գործընթացը:

Վաշինգտոնի և Մոսկվայի կապերը շեշտակի վատթարացել են 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո:

Իսկ անցյալ տարվանից ի հայտ է եկել ամերիկյան ընտրություններին ռուսների միջատության գործոնը: Ամերիկյան հետախուզական ծառայությունները համոզված են, որ Կրեմլը հաքերային գրոհներով և քարոզարշավով փորձել է վարկաբեկել դեմոկրատ թենածու Հիլարի Քլինթոնին և նպաստել Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին հայտարարող հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին:

Թրամփը վերջերս վավերացրել է Կոնգրեսի կազմած և ընդունած նոր հակառուսական պատժամիջոցները, դրան արդեն պատրաստ Մոսկվան պահանջել է կրճատել ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը: Այս վեճերը հավանաբար կշարունակվեն:

Գորբաչովն Anadolu գործակալությանն ասել է, թե երբ 1985 թվականին ինքն ընտրվել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար, Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների հարաբերություններում գերիշխողը փոխադարձ մեղադրանքներն էին և խորը անվստահությունը:

Գորբաչովի համոզմամբ՝ Մոսկվան և Վաշինգտոնը պետք է խուսափեն քաղաքական ավերիչ վիճակներից, որոնք հանգեցնում են «սառը պատերազմին»:

«Բարեբախտաբար, այն ժամանակ երկու երկրների վարչակարգերը գիտակցեցին, թե ինչ մեծ վտանգ է աշխարհի համար միջուկային սպառազինությունը», - ընդգծել է Գորբաչովը: