Թուրքիան գերմանացի օրենսդիրներին թույլ տվեց այցելել Քոնիայի ռազմակայան

Թուրքիա - Գերմանական օդուժի Tornado ինքնաթիռները Ինջիրլիք ռազմակայանում, 2016թ․

Թուրքիա - Գերմանական օդուժի Tornado ինքնաթիռները Ինջիրլիք ռազմակայանում, 2016թ․

Թուրքիան արտոնել է Բունդեսթագի պատգամավորներին այցելել Քոնիայի ռազմակայան, որտեղ մի քանի տասնյակ գերմանացի զինվոր է տեղակայված:

Ըստ Գերմանիայի արտգործնախարարի՝ խորհրդարան ուղարկած նամակի, Անկարան համաձայնել է պայմանով, որ գերմանական պատվիրակության կազմում լինի 7 պատգամավոր՝ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխքարտուղարի գլխավորությամբ:

Հիշեցնենք, անցած ամիս Անկարան արգելել էր գերմանացի օրենսդիրների մուտքը ռազմակայան՝ որպես պատճառ բերելով երկկողմ հարաբերություններում առկա լարված վիճակը: Ի պատասխան՝ Բեռլինը չէր բացառել, որ կարող է դուրս բերել իր զորախումբը նաև Քոնիայի ռազմակայանից:

Ավելի վաղ Անկարան արգելել էր Բունդեսթագի ներկայացուցիչների մուտքը Ինջիրլիք, և ամիսներ շարունակված բանակցություններից հետո Բեռլինը, ի վերջո, որոշեց դուրս բերել իր զորախումբը այդ ռազմակայանից: