Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, երեկ Թեհրանում Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանին՝ ընդգծելով, որ իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ Իրանի նախագահի հայտարարությունը ձևական չէ և ուղղված է Ադրբեջանին:
«Խաղաղ ճանապարհով լուծելը, դա առաջին հերթին մեսիջը Ադրբեջանին է՝ «նայի՝ դու ուժային չփորձես լուծել», երկրորդը՝ Իրանը կտրականապես դեմ է, որ Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում տեղակայվեն այլ երկրների զորքեր, ուժեր։ Դա էլ մեր շահերին չի հակասում, ուրեմն Իրանի դիրքորոշումն ու ասվածը շատ կարևոր է», - ասաց քաղաքագետը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ օրն՝ ընդհատելով իր կարճատև արձակուրդը, մեկնել էր Թեհրան՝ մասնակցելու երկրորդ անգամ Իրանի նախագահությունը ստանձնող Հասան Ռոհանիի երդմնակալությանը:
Պաշտոնական արարողության հաջորդ օրը կայացած Սարգսյան-Ռոհանի հանդիպման սկզբում Իրանի նախագահը բարձր է գնահատել «իր լավ հարևան Հայաստանի նախագահի ներկայությունը արարողությանը»:
Ի դեպ, երկարատև մեկուսացումից հետո Թեհրանում կայացած միջոցառմանը մասնակցում էին աննախադեպ՝ 100-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, այդուհանդերձ, Իրանի հարևան երկրներից 68-ամյա Ռոհանիի երդմնակալության արարողությանը բարձրագույն մակարդակով ներկա էին միայն Հայաստանի, Աֆղանստանի և Իրաքի ղեկավարները:
«Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մինասյանի փոխանցմամբ, վերջին օրերին իրանական հանրության հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ զգալիորեն ավելացել է:
«Հիմնական քննարկումները, որոնք այնտեղ ֆինանսիստները, կամ քաղաքական գործիչները քննարկել են, այն է եղել, որ մենք ինչո՞ւ մինչև հիմա Հարավային Կովկասը մոռացության ենք մատնել», - ասաց Մինասյանը։
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ, երեկ տեղի ունեցած Սարգսյան-Ռոհանի հանդիպմանը նախագահները անդրադարձել են գազի և էլեկտրաէներգետիկայի, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներում, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման կարևորությանը:
«Կարևորվել է նաև գազի և էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով համագործակցության զարգացումը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը կարևորել են նաև Իրանի ու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իրանի նախագահը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել և ընդգծել է, որ մոտ ապագայում համաձայնագրի ստորագրումը բավականին արդյունավետ կլինի:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Իրանի հետ մեծ ծրագրերի հարցում ժամանակն է խոսքից անցնել գործի: Այդուհանդերձ, փորձագետն ընդգծում է, որ Հայաստանը՝ լինելով ԵՏՄ անդամ, թե՛ գազի տարանցման, թե՛ Իրանի հետ ազատ առևտրի գոտու հարցում կախված է Ռուսաստանից:
«Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Հայաստանն անկախանա, շահագրգռված չէ, որ Հայաստանը զարգանա, իրենք ուզում են, որ Հայաստանն այսպես վասալային վիճակում լինի։ Գազային ծրագրի իմաստով, խողովակները, որ բոլորը «Գազպրոմին» էին նույնիսկ Իրանի գազամուղի մի մասը Հայաստանում գտնվող, և «Գազպրոմին» տվեցինք ցանկացած ծրագիր, որն իրականացվում է, որ իրանք մոնոպոլ կարծիք կարող են արտահայտել, հիմա պետք է իրանց համոզենք, նայեք՝ ինչ անհեթեթ վիճակում ենք՝ ԵԱՏՄ-ով կապեցինք մեզ, պարտավորություն էր դա, «Գազպրոմի»-ի հետ երկկողմ հարաբերությունների պայմանագրերով կապեցինք մեր ձեռքերը, հիմա ակնհայտ բացվող հնարավորությունները դժվար է օգտագործել, բայց այնուամենայնիվ շատ բարձր եմ գնահատում, որ Սերժ Սարգսյանը խոսեց դրա մասին, դա նշանակում է, որ ինչ-որ շարժ կա», - ասաց Գրիգորյանը։
Իրան մեկնելուց շուրջ մեկ շաբաթ առաջ Հայաստանի նախագահը հարցազրույց էր տվել իրանական լրատվամիջոցներին ու նշել, որ փորձագիտական մակարդակում քննարկվում է իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա տարանցելու հարցը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է համագործակցության: