Ըստ «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանի, Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալությանը մասնակցելու նպատակով Իրան ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորել են բարձր մակարդակով։
«130 հյուր կար` Եվրամիության ներկայացուցիչը կար, ՄԱԿ-ի ներկայացուցիչը կար, Իսլամական խորհրդարանի ներկայացուցիչը կար, և այլն, Ռոհանին ինքը ոչ մեկին չի դիմավորել։ Ես նայում էի, թե նախագահներին ովքեր են դիմավորել, պաշտոնով որպես նախարար միայն Սերժ Սարգսյանին են դիմավորել, այսինքն՝ եղել է նախագահ, որին դիմավորել է երկրի դեսպանը, եթե չեմ սխալվում` նախարար միայն Սերժ Սարգսյանին է դիմավորել, կամ քիչ նախագահների են Իրանում նախարարներ դիմավորել, սա նորմալ է, բարձր ընդունելություն է», - «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, Իրանում Սերժ Սարգսյանին դիմավորել էր սպորտի նախարարը, այս փաստը սոցիալական ցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկումների առիթ էր դարձել։