Հայաստանի մշակույթի նախարարությունը այսօրվանից սկսում է 2018 թվականին «Աջակցություն ոչ պետական մամուլի հրատարակմանը» ծրագրով լրատվամիջոցների հայտերի ընդունումը:
Պետական աջակցություն այս ծրագրով տրամադրվում է ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներին, մշակութային կյանք լուսաբանող մարզային ոչ-պետական մամուլի միջոցներին, նաև մշակութային կամ գրական ուղղվածություն ունեցող տպագիր և էլեկտրոնային մամուլին:
Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում շեշտեց․ - «Այս տարի առանձնահատկությունը մյուս տարիների համեմատ այն է, որ մենք առանձին շեշտադրում ունենք մասնավորապես արվեստի քննադատություն պարունակող տպագիր և էլեկտրոնային մամուլի ուղղությամբ: Սա նոր ուղղություն է, և ակնկալում ենք, որ հայտեր կստանանք արվեստի տարբեր ուղղությունների քննադատությամբ զբաղվող մամուլի միջոցներից»:
Հարցին՝ ի՞նչ կերպ է բաշխվելու գումարը և որքա՞ն է այն, փոխնախարարը պատասխանեց․ - «Կազմվում է հանձնաժողով, որը ձևավորում է հաջորդ տարվա համար աջակցության ուղղությունները, և բաց հայտարարություն է դրվում և՛ մեր ֆեյսբուքյան էջում՝ մշակույթի նախարարության, և՛ նաև լրատվամիջոցների միջոցով տարածվում է այդ մասին, ստացվում են հայտեր, և հայտերի ուսումնասիրությունն է իրականացնում հանձնաժողովը: Ընդհանուր գումարը մոտ 47 միլիոն դրամ է, և հայտերի ուսումնասիրությամբ հանձնաժողովը որոշում է սկզբունքները աջակցության և չափը»:
Իսկ թե կոնկրետ այս տարի ինչ է ակնկալվում մարզային և ազգային փոքրամասնությունների համար լույս տեսնող մամուլի տպագիր և էլեկտրոնային ոչ պետական միջոցներից, այդ կապակցությամբ Տեր-Վարդանյանը ասաց․ - «Ակնկալում ենք, որ ազգային փոքրամասնությունների համար ևս նորարարական մոտեցումներ կստանանք: Մարզային մամուլն ունենք, որը մշակութային ուղղվածությանը հատուկ պիտի ուշադրություն դարձնենք, և, անշուշտ, մշակութային ուղղվածություն ունեցող տպագիր և էլեկտրոնային առանձին ուղղություն ունենք»:
Նա նշեց, որ տարեցտարի սկզբունքները փոխվում են՝ «տարվա առաջնահերթություններից ելնելով և արդեն ժամանակի նոր պահանջներից ելնելով»: «Օրինակ՝ այս տարի հատուկ ուշադրություն պիտի դարձնենք էլեկտրոնային մամուլին․ եթե 2017-ին ընդամենը երեք էլեկտրոնային լրատվամիջոց ենք ունեցել, ակնկալում ենք, որ 2018-ին դրա թիվը կավելանա, և հատուկ ուշադրություն ենք դարձնելու լրատվամիջոցների այն տեսակներին, որոնք զուգահեռ ունեն նաև էլեկտրոնայինը կամ առնվազն սոցցանցերում ունեն իրենք իրենց էջերը, որովհետև, գիտեք, ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում դրանք շատ բարձր էֆեկտիվություն ունեն նյութի տարածման իմաստով», - ասաց մշակույթի փոխնախարարը:
Այս տարի նախարարությունը պատրաստվում է հատուկ ուշադրություն դարձնել նաև նորաստեղծ լրատվամիջոցներին: «Եթե նախկինում մենք հստակ պահանջ ունեինք, որ առնվազն երկու տարի լրատվամիջոցը պետք է գոյություն ունենար մինչև մեզ դիմելը, այս տարվա նորությունն այն է լինելու, որ մենք նորաստեղծներին ևս օժանդակելու ենք», - նշեց Ներսես Տեր-Վարդանյանը:
Գաղտնիք չէ, որ մարզային ոչ-պետական մամուլը լուրջ խթանման կարիք ունի, հաճախ կարող ես այնպիսի թերթեր տեսնել, որոնք թերթելիս տպավորություն է ստեղծվում, որ նախկին խորհրդային իրականությունում են հրատարակվել: Ներսես Տեր-Վարդանյանն այդ առնչությամբ ասաց․ - «Մամուլը համահունչ է ընդհանրապես մարզային կյանքին՝ մակարդակի իմաստով, զարգացածության իմաստով, մարզային կյանքին համահունչ է զարգանում, և, անշուշտ, մենք շատ ավելի լավ մամուլ ենք ուզում ունենալ այնտեղ: Մեղմ ասած՝ այսօրվա տեխնոլոգիաներից կամ մեթոդներից բավական հեռու է այսօր մարզային մամուլը: Մենք երևի թե սկզբունքներ պիտի ավելի խստացնենք իրենց համար, որպեսզի աջակցություն ստանան այն լրատվամիջոցները, ովքեր մի քիչ ժամանակին համահունչ են շարժվում՝ և՛ լրատվությունը թարմ լինի, և՛ ավելի ամբողջական լինի: Մարզերի մշակութային կյանքը առհասարակ մեզ մոտ զարգացման կարիք ունի»:
Իսկ թե ոչ պետական մամուլին որպես աջակցություն հատկացվելիք 47 միլիոն դրամից ինչպես որոշելու, թե որ լրատվամիջոցին որքան գումար է տրամադրվելու, ապա, ըստ փոխնախարարի, բացարձակապես սահմանափակում չկա՝ «դրանք կարող են լինել տասը, կարող են լինել հարյուրը»: «Խնդիրը հայտերի մեջ է, հուսանք, որ լավ հայտեր կստանանք մամուլից», - ընդգծեց Տեր-Վարդանյանը: