Պատերազմական հանցագործություններ հետաքննող նախկին դատախազ Կարլա դել Պոնտեն դադարեցնում է աշխատանքը ՄԱԿ-ի հանձնաժողովում, որը քննում է Սիրիայում մարդու իրավունքների խախտումները։ Նա շվեյցարական «Բլիք» թերթին ասել է, որ առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը, որի պատճառը հանձնաժողովի անգործությունն է։
Կարլա դել Պոնտեն հանձնաժողովում աշխատել է հինգ տարի, այդ ընթացքում քննադատել է թե՛ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և թե՛ նրա դեմ կռվող ապստամբներին։ Մինչ այդ նա միջազգային պատերազմական հանցագործությունների դատարանի դատախազ էր, ով քննել է Ռուանդայի և Հարավսլավիայի գործերը։
Դել Պոնտեն ասել է, որ Սիրիայում տեղի ունեցած հանցագործությունները ավելի դաժան են, քան այն, ինչ ինքը տեսել է Ռուանդայում կամ Հարավսլավիայում։ Նա նաև քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սիրիայի հարցով պատերազմական հանցագործությունների խորհուրդ չստեղծելու համար։
Հուլիսի16-ին Մարդու իրավունքների սիրիական դիտարանի հրապարակած տվյալներով՝ Սիրիայում պատերազմի անցած 6 տարիների ընթացքում ավելի քան 330 հազար մարդ է զոհվել, նրանցից մոտ 100 հազարը՝ քաղաքացիական անձինք։