Լավրով. «Երկխոսությանն այլընտրանք չկա»

ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Մանիլայում, 6-ը օգոստոսի, 2017թ․

Կիրակի օրը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գումարվել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության՝ ASEAN-ի գագաթնաժողովը, որի շրջանակներում տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ռեքս Թիլերսոնի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Դա Մանիլայի հավաքի ամենասպասված իրադարձություններից մեկն էր, քանի որ պետքարտուղարն ու արտգործնախարարն առաջին անգամ էին հանդիպելու այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել էր Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները:

Լավրովի փոխանցմամբ, ինքը Թիլերսոնին ներկայացրել է այդ պատժամիջոցների վերաբերյալ Մոսկվայի տեսակետը: Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում ասվում է, որ Թիլերսոնի հետ առանձնազրույցում Լավրովը նոր պատժամիջոցները որակել է որպես «երկկողմ համագործակցությանը հասցված հզոր հարված, միջազգային կայունության համար վտանգավոր ոչ բարեկամական քայլ»:

Այդուհանդերձ, Լավրովը հանդիպումից հետո որոշակի դրական հանգամանքներ է նշել, ասելով, թե իր տպավորությամբ, չնայած պատժամիջոցների հանգամանքին՝ իր ամերիկացի զրուցակիցը պատրաստ է մի շարք բարդ հիմնախնդիրների շուրջ շարունակել երկխոսությունը:

«Մենք զգում ենք մեր ամերիկացի գործընկերների այդ պատրաստակամությունը, ի վերջո, երկխոսությունը շարունակվում է, կարծում եմ՝ երկխոսությանը պարզապես չկա որևէ այլընտրանք», - ասել է Լավրովը:

Սա ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի ԱԳ նախարարի թվով արդեն 5-րդ հանդիպումն է: Մինչ այդ Ռեքս Թիլերսոնը և Սերգեյ Լավրովն առանձնազրույցներ են ունեցել Բոննում, Մոսկվայում, Վաշինգտոնում և Համբուրգում:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը դեմ էին Կոնգրեսի կազմած և ընդունած նոր պատժամիջոցներին, սակայն Թրամփն ի վերջո ստիպված էր դրանք վավերացնել: