Գյումրեցի Խաչատրյանների ընտանիքում անցած ամիս 11-րդ երեխան ծնվեց: Բազմազավակ մայրը՝ Լիլիթ Խաչատրյանը խոստովանում է՝ չափազանց դժվար է 11 երեխա պահելը, չնայած դրան՝ մյուս ծնողներին հորդորում է նույնպես շատ երեխաներ ունենալ․ «Ամեն երեխա իրա ղսմաթն ունի, Աստված ուժ կտա կպահես»:
Բազմազավակ ընտանիքներն այժմ Շիրակի մարզում շատ չեն: Այստեղ ժողովրդագրական իրավիճակը տարեցտարի փոփոխվում է, սակայն ոչ՝ հօգուտ ծնունդների թվի աճի: Մարզպետարանի տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն Գյումրիում 2016 թվականի առաջին կիսամյակում 716 երեխա է ծնվել, մինչդեռ այս տարի նույն ժամանակահատվածում 123-ով պակաս ծնունդ է գրանցվել:
Գյուղական բնակավայրերին վերաբերող թվերն ավելի խոսուն են: Աշոցքի տարածաշրաջանի գյուղերը սպասարկող «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի բուժական մասով տնօրեն Սարգիս Վարդանյանի խոսքով՝ ծնունդների թիվը «պրոգրեսիվ անկում է գրանցում»: «Դա ցավալի է և վատ է: Եթե առաջ ունենում էինք 390-400 ծնունդ, հիմա ունենում ենք 150 ծնունդ: Դա տարեցտարի նկատելի է»,- «Ազատությանն» ասաց Սարգիս Վարդանյանը:
Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանի կանխատեսմամբ՝ հատկապես գյուղական բնակավայրերում ժողովրդագրական ցուցանիշների ավելի մեծ անկում կդիտվի համայնքների խոշորացումից հետո: Այս մասին նա պարբերաբար բարձրաձայնում է կազմակերպվող հանրային քննարկումների ժամանակ: Ըստ նրա, խոշորացմամբ փորձում են այսրոպեական խնդիրներ լուծել, «փոխանակ հստակ ծրագրեր մշակեն դատարկվող սակավաբնակ գյուղական բնակչության թիվն ավելացնելու համար»:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզում ծնելության աճի ապահովման համար 3 դեղատոմս է առաջարկում՝ մարդկանց աշխատանքով ապահովելը, բնակարանային խնդրի լուծումը և մայրերին որոշակի արտոնությունների տրամադրումը: