Մեկ ամիս անց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի նախաձեռնությամբ Հայաստանի Ազգային գրադարանում կբացվի ցուցահանդես՝ նվիրված 1937 թվականի բոլշևիկյան բռնաճնշումների 80-րդ տարելիցին:
«Փորձում ենք անդրադառնալ մեր հասարակությունում «խորհրդային» բառի ընկալմանն ու փիլիսոփայությանը: Ի վերջո՝ մինչ այսօր դասագրքերում գրում են, որ ԽՍՀՄ պայմանագիրը 1922 թվականի դեկտեմբերին է ստորագրվել: ԽՍՀՄ պայմանագիր գոյություն չունի իրականում: Մեր ցուցահանդեսում կլինի մի ահռելի սպիտակ պաստառ, որի վրա գրված կլինի՝ ԽՍՀՄ պայմանագիր, որը գոյություն չունի: Դա, փաստորեն, կեղծիք է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ազգագրագետը:
Նրա խոսքով, ցուցահանդեսում, մասնավորապես, անդրադառնում են հետևյալ հարցին՝ արդյո՞ք Հայաստանում երբևէ եղել է բոլշևիկյան-սոցիալիստական հեղափոխություն: «Ի վերջո Լեգրանի [1920 թ․ Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ] նամակը կա Չիչերինին [ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ], ինքը բառացի ասում է, թե ինչպես Հայաստանում հեղաշրջումը իրենց դրեց չնախապատրաստված վիճակի մեջ, քանի որ շատ արագ եղավ»,- ասաց Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով, Հայաստանում, ցավոք, գրեթե տեղյակ չեն, որ բոլշևիկյան բռնաճնշումների տարիներին «հայերը եղել են թիրախավորված և դեպորտացված ժողովուրդներից»: Ցուցահանդեսում անդրադարձ կլինի նաև այդ թեմային:
Երեկ էլ, հիշեցնենք, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացվեց «Խավարում» խորագրով բացօդյա ցուցադրություն՝ նվիրված բոլշևիկյան բռնություններին զոհ գնացած հայերի հիշատակին:
Հրանուշ Խառատյանի հետ զրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը
Your browser doesn’t support HTML5