Արդյո՞ք անուղղակի կապ կա վերջին օրերին արձանագրված բռնությունների միջև, քննարկում «Ազատության» տաղավարում

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և հոգեբան Արշակ Գասպարյանը «Ազատության» տաղավարում, 4-ը օգոստոսի, 2017 թ․

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերը քննարկում են վերջին շրջանում Հայաստանում մեկը մյուսին հաջորդած աղմկահարույց սպանությունների ու բռնությունների դեպքերը՝ փորձելով հասկանալ դրանք ծնող պատճառներն ու սոցիալական շարժառիթները:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշում է՝ իրեն հայտնի վիճակագրական տվյալների համաձայն, տարեցտարի Հայաստանում բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների, այդ թվում սպանությունների թիվն աճում է: Ազգագրագետի համոզմամբ՝ այդ հանցագործությունների քանակը, տեսակը, արձանագրվող սպանությունների եղանակը և դաժանության աստիճանը անպայմանորեն պետք է դառնան լուրջ հետազոտությունների առարկա՝ հասկանալու համար հասարակության ներսում տեղի ունեցող երևույթները: Ըստ Խառատյանի, դա հնարավորություն կտա որոշակիորեն կասեցնել կամ նվազեցնել նման դրսևորումները:

Քրեական արդարադատության փորձագետ, հոգեբան Արշակ Գասպարյանի խոսքով՝ բռնություններն ու դրանցով ուղեկցվող հանցագործությունները բացառապես հասարակական երևույթներ են, որոնք դրսևորվում են հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ըստ հոգեբանի, բռնությունը ծագում է այն ժամանակ, երբ չեն գործում խաղի ընդհանրական կանոններ: «Ըստ էության, բռնությունը դա անօգնականության ճիչ է»,- պատկերավորում է Արշակ Գասպարյանը:

Քննարկումն ամբողջությամբ դիտելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը