Doing Business-ի զեկույցում առաջխաղացումը տնտեսության իրական վիճակի հետ կապ չունի․ փորձագետներ

Կառավարությունն ակնկալում է, որ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված այս տարվա ծրագրերի իրագործումից հետո Համաշխարհային բանկի Doing Business հաջորդ զեկույցում 150 պետությունների շարքում Հայաստանի դիրքերը կբարելավվեն 12 կետով:

Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում վարչապետին զեկուցել են, որ այս տարի նախատեսված 49 միջոցառումներից 20-ը արդեն իրագործվել է: Doing Business-ի վերջին զեկույցում Հայաստանը զբաղեցրել էր 38- րդ հորիզոնականը՝ նախորդած տարվա համեմատ դիրքերը բարելավելով 5 կետով:

«Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը նկատում է՝ մինչ Հայաստանը բարելավում է դիրքերը, օտարերկրյա ներդրումները պակասում են: «Այդ սանդղակում Հայաստանի դիրքերը միշտ էլ լավ են եղել, բայց դա որևէ կերպ տնտեսության որակի վրա չի ազդել: Այսպիսի մի դինամիկա կա՝ որքան Հայաստանի դիրքերը Doing Business-ի սանդղակում բարելավվում են, այդքան նվազում են օտարերկրյա ներդրումները»,- ասաց Գևորգյանը:

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների այս տարվա ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է պարզեցնել ավելացված արժեքի հարկի վերադարձման գործընթացը, ապահովել մաքսային հսկողության թափանցիկությունը, դյուրացնել ընկերություն գրանցելու գործընթացը: Տնտեսական մեկնաբանի կարծիքով, այդ քայլերը փոքր ազդեցություն կունենան բիզնես միջավայրի բարելավման վրա․ «իրական խորքային բարեփոխումներ են անհրաժեշտ»,- ասում է Հայկ Գևորգյանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ կարծում է, որ Doing Business-ի զեկույցներում առաջխաղացումն այսչափ կարևորելն ավելի շատ քարոզչական բնույթ ունի: Մինչ խոսում են բարելավումների մասին, իրականում «ներդրումները պակասել են, արտագաղթն աճել է, բարձրացել է գործազրկության մակարդակը»,- ասում է Խաչատրյանը: Նա նաև նմանություն է տեսնում Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների նախաձեռնած քայլերում: «Դա հիշեցնում է նախկին ԽՍՀՄ-ում ընդունված գործելաոճը»,- ասում է Վահագն Խաչատրյանը, բերելով ֆիլիմից հայտնի «Նյու Վասյուկիի» օրինակը:

Տնտեսագետի խոսքով, այն ներդրողները, որոնք Հայաստանում գործ սկսելու համար հիմնվել են Doing Business-ի տվյալների վրա, «չարաչար սխալվել են»: