Վարդան Արամյան․ «Մենք կորցնելու ենք այն պոտենցիալը, որը կարող էինք ունենալ, եթե այդ սանկցիաները չլինեին»

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գնահատմամբ, Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկարաձգումը վնասելու է նաև Հայաստանին:

«Եթե նայենք, թե արդյո՞ք այս պատժամիջոցները նույնպիսի իրավիճակ կստեղծեն, ինչ ստեղծեցին 2014-15 թվականներին՝ ես չեմ կարծում, որ այդպիսի խորը իրավիճակ կստեղծվի: Բայց, ամեն դեպքում, իհարկե Հայաստանի Հանրապետությունը վնասվելու է դրանից», - «Ազատություն» TV-ի հետ զրույցում այսօր հայտարարեց նախարարը: - «Մենք կորցնելու ենք այն պոտենցիալը, որը կարող էինք ունենալ, եթե այդ սանկցիաները չլինեին կամ չխորացվեին, որովհետև Ռուսաստանը մեզ համար խոշորագույն գործընկեր է, ինչպես նաև Իրանը», - պարզաբանեց Վարդան Արամյանը:

Հիշեցնենք՝ այս շաբաթ ուժի մեջ մտան Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ Միացյալ Նահանգների սահմանած նոր պատժամիջոցները: Դրանցով, մասնավորապես, սահմանափակվում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտում օտարերկրյա ներդրումների առավելագույն ծավալը, չի բացառվում նաև անհատական պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի այն քաղաքացիների հանդեպ, որոնք առնչություններ ունեն կիբերհարձակումների կազմակերպման, կոռուպցիոն գործարքների և մարդու իրավունքների խախտումների հետ:

Նախարարի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում․