Բոլշևիկյան, լենին-ստալինյան տեռորին մոտ 50 հազար հայ է զոհ գնացել, այդ թվում Հայաստանի մտավորականության սերուցքը՝ Չարենց, Բակունց, Թոթովենց, Զապել Եսայան և շատ ուրիշներ: Բոլշևիկյան տեռորի զոհն են դարձել նաև «Ամենայն հայոց բանաստեղծ» համարվող Հովհաննես Թումանյանի երեք որդիները:
Այսօր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը «Խավարում» խորագրով մի ուշագրավ բացօդյա ցուցադրություն էր կազմակերպել՝ նվիրված բոլշևիկյան բռնությունների զոհերի հիշատակին: Դեպի տուն թանգարան տանող աստիճաններին առանձին խորագրված մի քանի տասնյակ վահանակների վրա եռալեզու ներկայացվել են արխիվային նյութեր (որոշումներ, հեռագրեր և այլն), որոնք փաստականորեն վեր են հանում 1917-ից 1949 թվականն ընկած ժամանակահատվածում իրականացված բռնաճնշումների պատկերը և Հայոց ցեղասպանությունից հետո լենինյան-ստալինյան-քեմալական համագործակցության արդյունքում հայ ժողովրդի կրած սոսկալի կորուստները:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ասում է․ «Ցուցադրության առանցքում, իհարկե, Հովհաննես Թումանյանի զավակներն են, չորս զավակներից երեքը դարձան ստալինյան ռեպրեսիաների զոհ: Նրանք սպանվեցին, որովհետև բացառիկ տեսակի էին պատկանում, բոլշևիկների համար անընդունելի»:
Նարինե Թուխիկյանը, ինչպես և շատ այլ մտավորականներ, համոզված է՝ վաղուց ժամանակն է բացահայտել այն հարյուրավոր դահիճների անունները, ում «թեթև ձեռքով» կամ «գրչի մի հարվածով» գնդակահարվեցին, աքսորվեցին, սովի, հիվանդությունների և խոշտանգումների զոհ դարձան տասնյակ հազարավոր մարդիկ:
«Չափազանց ուշագրավ միջոցառում է: Ի վերջո ժամանակն է՝ իրերը կոչել իրենց անուններով: Սա համազգային մասշտաբի խայտառակություն էր, գլխակերություն, ինտելեկտուալ սերուցքն ուղղակի սրի մատնվեց և ոչնչացվեց»,- ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ էլ՝ «առանց պատմության այդ էջը քաղաքականապես փակելու, մենք չենք կարող առաջ ընթանալ»: