«Սասնա ծռեր» խմբի հիվանդ անդամի նկատմամբ բռնություն են գործադրել․ Փաստաբան

Դատական նիստ «Սասնա ծռեր» խմբի գործով, արխիվ

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատավարության ընթացքում զինված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանը երեկ ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել, պնդում է Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը:

«Դատարանը իմանալով հանդերձ, որ իմ պաշտպանյալի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, նա ունի առողջական խնդիր, անտեսեց դա, և ոստիկաններն այդպիսի գործողություններ իրականացրեցին: Ըստ էության, մենք տեսանք, որ ակնհայտ բռնություն կիրառվեց իմ պաշտպանյալի նկատմամբ: Նրան հրելով, հարվածելով տարան ներս»,- ասաց Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանը:

Երեկվա դատական նիստին դատավորը Հովհաննես Հարությունյանին թույլ չտվեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, դրանից հետո էլ «դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու» հիմնավորմամբ որոշեց նրան դահլիճից 10 ժամով հեռացնել: Զինված խմբի անդամը զայրացած իր ձեռնափայտով ուժգին հարվածեց գետնին, ինչից հետո ոստիկանները մոտեցան և, ըստ փաստաբանների, բռնություն կիրառելով նրան դահլիճից դուրս բերեցին։

Բռնության վերաբերյալ փաստաբանի հայտարարությունից հետո դատարանում զինված խմբի անդամին այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: Վերջիններիս Հարությունյանը փոխանցել է, որ ինքը բռնության չի ենթարկվել, դատարանին ևս ներկայացվել է Հարությունյանի ստորագրությամբ գրություն, որ բռնություն չի եղել: Այդուհանդերձ, ըստ նրա փաստաբանի՝ իր պաշտպանյալը ոստիկանների հսկողության տակ գտնվելով՝ կաշկանդված է եղել, սակայն ավելի ուշ քրեակատարողական հիմնարկում փաստաբանին պատմել է բռնության ենթարկվելու մասին:

Դատարանում երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանն անիմաստ է համարում հայաստանյան իրավապահներին դիմելը: Նիստերի դահլիճում ներկա էին երկու դատախազ, որոնք որևէ կերպ չարձագանքեցին «անօրինականությանը», հետևաբար՝ փաստաբանը չի կարծում, թե իրավապահներին դիմելն արդյունավետ կլինի:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին խոշտանգումների ենթարկելու հիմքով դեռ նախորդ տարեվերջին նրա պաշտպանը գանգատ էր ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պնդելով, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին հրազենային վիրավորում ստացած Հարությունյանը պատշաճ բուժում չի ստանում ու պահվում է վատ պայմաններում: Ըստ Հարությունյանի պաշտպանի, երեկվա միջադեպը ևս կներկայացվի եվրադատարանին:

Դատարանի նկուղում 10-15 ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին մեկ ամիս առաջ բարձրաձայնել էին «Սասնա ծռեր» խմբի չորս այլ անդամներ: Այսօր Հատուկ Քննչական ծառայությունից փոխանցեցին, որ բռնության մասին հաղորդումների հիմքով հարուցված գործով դեռևս մեղադրյալներ չկան: Այլ տեղեկություններ չհաղորդեցին: Հայտնի է միայն, որ ծեծի մասին ահազանգած «Սասնա ծռեր» խմբի չորս անդամներից երեքը՝ Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը տուժող են ճանաչվել:

Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ չնայած հայտնի են, թե ովքեր են եղել զինված խմբի անդամներին ուղեկցող ոստիկանները, այդուհանդերձ, քրեական գործով որևէ գործողություն, նույնիսկ առերեսում չի իրականացվել․ «Բոլորը գիտեն կատարողներին և կազմակերպիչին, բայց ոչ ոք, մեր տվյլաներով, մինչ այս պահը չի հանդիսանում կասկածյալ կամ մեղադրյալ»:

Փաստաբանը վստահ է՝ իրավապահները ձգձգելով ցանկանում են մոռացության մատնել բռնությունները: Նախորդ տարվա հուլիսյան դեպքերից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր դրեցին զենքերը, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ զինված խմբի անդամների հանդեպ անձնական վրեժխնդրություն չի լինելու: