Սեֆիլյանի և մյուսների գործով նիստը չմեկնարկած ընդմիջվեց

Շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստը։

Գործով որոշ պաշտպաններ ներկա չեն նիստին։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով մի քանի ժամով դահլիճից հեռացված ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը դատարանում պնդել էին, որ պաշտպաններին թույլ չեն տալիս գալ նիստերին, եթե իրենք այնտեղ չեն:

Դատարանն էլ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ պաշտպաններին ասել էր, որ «նրանց՝ դատական նիստերին չմասնակցելու պարագայում նրանց գործողությունները պարզապես հանգեցնելու են հանրային պաշտպան նշանակելու մասին որոշման կայացմանը»։

Նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը այսօր փորձեց հանրային պաշտպան ներգրավել, Ժիրայր Սեֆիլյանը կտրուկ հրաժարվեց՝ հայտարարելով, որ դատավորը միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը, ստեղծում է մի միջավայր, որ պաշտպանները չկարողանան մասնակցել նիստին։

«Դուք նրանց միտումնավոր թույլ չեք տալիս գտնվել այստեղ», - ասաց Սեֆիլյանը։

Դատավորի հարցին, թե ունի՞ պաշտպան, որն իր բացակայության ժամանակ կմասնակցի նիստին, Սեֆիլյանը պատասխանեց․ - «Իմ բացակայության ժամանակ որևէ պաշտպան իրավունք չունի այստեղ լինել»։

Սեֆիլյանին կրկին հեռացրեցին նիստերի դահլիճից, 10 րոպե ընդմիջում հայտարարվեց։

Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ դրանք կապելով իր քաղաքական գործունեության հետ:

Այս գործով 7 մեղադրյալ է անցնում, այդ թվում՝ «տոնածառի գործով» երկու տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը, որը մեղադրվում է 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։