Համաշխարհային հակադոպինգային գործակալության պահանջը Մոսկվայում անընդունելի են համարում

Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկո, արխիվ

Ռուսաստանցի պաշտոնյաները հայտարարել են, որ երբևէ չեն ընդունի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պահանջը` ճանաչել այն փաստը, որ ռուս մարզիկների զանգվածային դոպինգային խախտումները պետության գիտությամբ և հովանավորչությամբ են տեղի ունեցել։

Այդ պահանջը նաև Ռուսաստանի հակադոպինգային գործակալության գործունեությունը վերականգնելու նախապայմաններից մեկն է։

«Ոչ մի պետական հովանավորչություն չի եղել և չէր կարող լինել», - երեկ ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, ով 2008-2016 թվականներին երկրի սպորտի նախարարն էր։ «Մենք չենք պատրաստվում որևէ բան ճանաչել, քանի որ նման բան տեղի չի ունեցել», - հավելել է նա: