«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով անցնող Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը պնդում է, որ երեկ ոստիկանները դատարանում իր պաշտպանյալի նկատմամբ ակնհայտ բռնություն են կիրառել։
Նշենք, որ երեկ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց փաստաբանների՝ 15 ամբաստանյալներին դահլիճ բերելու միջնորդությունը։ Գործով անցնող 18 ամբաստանյալներից 15-ը նախորդ դատական նիստերի ժամանակ, հիշեցնենք, դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ հեռացվել էին դահլիճից։
Երեկվա նիստին ներկա էին միայն ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Թաթուլ Թամրազյանը։ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքը նույնպես հեռանում է դահլիճից, Հովհաննես Հարությունյանն էլ ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ցանկանում ներկայացնել: Դատավորը հրաժարվեց լսել Հարությունյանին, վերջինս էլ զայրույթից ձեռնափայտով ուժգին հարվածեց գետնին, դատավորը սանկցիա կիրառեց և կարգադրեց 10 ժամով հեռացնել նրան դահլիճից, ինչից հետո ոստիկանները մոտեցան և, ըստ փաստաբանների, բռնություն կիրառելով, ուժով նրան դուրս բերեցին դահլիճից։
Փաստաբանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ Հարությունյանն օրենքի խախտումով է հեռացվել դահլիճից։
«Անտեսվեց այն հանգամանքը, որ նա ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացնելու, տվյալ դեպքում դատարանը դրա իրավունքը չուներ։ Իսկ ինչ վերաբերում է ոստիկանների գործողություններին, ապա դրանք ակնհայտորեն ոչ-համաչափ էին այն դեպքում, երբ իմ պաշտպանյալն ունի առողջական խնդիր՝ դեռևս 2016 թվականի հուլիսի 26-ին ոստիկանների գործողությունների արդյունքում նրա աջ ոտքի մեջ փամփուշտը պայթել է և ծնկի այդ ոսկրերի ֆիքսացում չի արվել, նա հաշմանդամ է դարձել։ Դատարանն՝ իմանալով հանդերձ, որ իմ պաշտպանյալի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, նա ունի առողջական խնդիր, միևնույն է, հրահանգեց և անտեսեց, որ ոստիկանները նրա նկատմամբ այդպիսի գործողություններ իրականացրեցին։ Ակնհայտ բռնություն կիրառվեց իմ պաշտպանյալի նկատմամբ՝ այն դեպքում, երբ նա արդեն ձեռնափայտով չէր, նրան հրելով, հարվածելով, նույնիսկ Արմեն Ղազարյանը [ոստիկան] նրա վերնաշապիկից քաշելով, հրելով, հարվածելով նույնիսկ, ես դա տեսա, նրան տարան ներս: Թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո, ես կտեղեկանամ, երբ կտեսակցեմ իմ պաշտպանյալին», - ասաց Հայարփի Սարգսյանը։
Նշենք, որ փաստաբանն ահազանգել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ ՄԻՊ աշխատակիցները տեսակցել էին Հարությունյանին, որից հետո փոխանցել Հարությունյանի խոսքերը, թե իր նկատմամբ բռնություն տեղի չի ունեցել։
«Այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքեց իմ ահազանգին, տեսակցեց իմ պաշտպանյալին և հայտարարեց, որ իմ պաշտպանյալի նկատմամբ, ըստ իր խոսքերի, բռնություն տեղի չի ունեցել, դա դեռ հիմք չէ ինձ համար, ես նախ պետք է զրուցեմ իմ պաշտպանյալի հետ, և այն, որ այդ պահին Հովհաննես Հարությունյանը գտնվում էր դատարանի նկուղում՝ ոստիկանների հսկողության տակ, նա չէր կարող կաշկանդված չլինել», - ասաց Հարությունյանի պաշտպանը։
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը: