Կառավարությունը հաստատեց ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությունը

«Քիչ ծխեք»․ վարչապետ Կարեն Կարապետյանի այս հորդորով՝ առանց հարցերի և առարկությունների կառավարությունը հաստատեց ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությունը ու առաջիկա երեք տարիներին այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումների ծրագիրը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում մեծահասակ բնակչության մեկ քառորդից ավելին ամեն օր կանոնավոր ծխում է, իսկ ռազմավարության նպատակը ծխողների թիվը տարեկան 1.5 - 2 տոկոսով նվազեցնելն է:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ դեռևս որևէ խստացում տեղի չի ունեցել, միայն ռազմավարությունն են ընդունել, դրանից բխող օրինագծերը խորհրդարան կհասնեն ուշ աշնանը: Ըստ նոր ռազմավարության նախատեսվում է, մասնավորապես, ընդլայնել այն վայրերը, որտեղ արգելվում է ծխելը, բարձրացնել ծխախոտի հարկերը, ինչը կհանգեցնի ծխախոտի թանկացմանը, ամբողջությամբ արգելել ծխախոտի գովազդը:

Ռազմավարության հեղինակները խոստովանում են՝ թեև ծխախոտի գովազդը արգելված է, սակայն օրենքը չի սահմանափակում, օրինակ, ծխախոտի ֆիրմային անվանումների գովազդը և օգտվելով օրենսդրական նման բացից՝ ծխախոտային ընկերությունները շրջանցում են սահմանափակումները և քողարկված գովազդ իրականացնում:

Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ և հակածխախոտային պայքարի ջատագով Արսեն Թորոսյանը կարծում է՝ պետք չէ բացառել, որ որոշում կայացնողների վրա ծխախոտի ինդուստրիայի կողմից ազդեցության փորձեր հնարավոր է առաջիկայում լինեն: Թորոսյանն ասում է՝ կառավարության նոր հակածխախոտային ռազմավարության հետ որոշակի հույսեր կապում են, սակայն ոլորտում փոփոխությունների հասնելու համար պետք են վճռական գործողություններ և քաղաքական կամք: - «Հույս ունեմ, որ գոնե ասվածի մի մասը կկատարվի, գոնե, օրինակ, կբարձրացվի ծխախոտի գինը, հանրային վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը, գոնե գովազդը ընդհանրապես կարգելվի», - մեկնաբանեց նա:

Ուշագրավ է, որ ծխողների թիվը տարեկան 1.5 - 2 տոկոսով կրճատելու նպատակը ամրագրված էր նաև 2010 - 2015 թվականներին ընդունված ծխելու դեմ պայքարի պետական ծրագրով: Մինչդեռ նոր ռազմավարության հետ ներկայացված վիճակագրության համաձայն, աճել է թե՛ կանոնավոր, թե՛ անկանոն ծխողների թիվը: 2016 թվականին` 2012 թվականի համեմատությամբ ավելացել է ամեն օր ծխող անձանց թիվը, ընդ որում, և՛ տղամարդկանց և՛ կանանց շրջանում․ եթե 2012թ.-ին Հայաստանում ամեն օր ծխախոտ էր օգտագործում բնակչության 23 տոկոսը, ապա 2016թ.-ին՝ 26.2 տոկոսը: Աճել է նաև ոչ ամեն օր ծխողների թիվը:

Արսեն Թորոսյանն ասում է՝ նոր ռազմավարությունն ընդունելուց հետո կցանկանային արագորեն արդեն կոնկրետ քայլեր տեսնել՝ համոզվելու համար որ ռազմավարությունը աշխատում է, իսկ նախորդը՝ ծխախոտի դեմ պայքարի հնգամյա ծրագիրը, ըստ մասնագետի, կարելի է փաստել, որ մնացել է թղթի վրա:

«Բազմաթիվ ռազմավարություններ են ընդունվում, որոնք մնում են թղթի վրա, վերջում՝ հենց մոտենում է այդ ռազմավարության ավարտը, տեսնում են, որ ոչ մի բան չի ստացվել, պարզապես +5 տարի են անում, ասում են՝ լավ, մյուս հինգ տարում կանենք, նախորդ հինգ տարում չարեցինք, որովհետև ծանր էր երկրի վիճակը», - նշեց Թորոսյանը՝ հավելելով․ - «Հիմա ասում եմ՝ այս խոսքերը և գոնե իրավական քայլերը հույս են տալիս, որ այս անգամ գոնե կստանանք ռեալ արդյունք, այլ ոչ թե կլինի հերթական թուղթը, որը կհիշենք միայն այն ժամանակ, երբ նոր թուղթ ընդունելու կարիք կլինի»: