Շիրակի մարզում հանցագործությունների թիվն աճել է․ Մարզի դատախազ

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյան, 3-ը օգոստոսի, 2017 թ․

Շիրակի մարզում աճել է հանցագործությունների, հատկապես գողությունների ու հափշտակությունների թիվը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Արդյո՞ք հանցագործությունների թվի աճը պայմանավորված է մարզում առկա ծանր սոցիալական պայմաններով: Շիրակի մարզում, հիշեցնենք, աղքատ է համարվում գրեթե յուրաքանչյուր երկրորդ մարդը:

Հարցին դատախզը հետևյալ պատասխանը տվեց․ «Չեմ բացառում, կարող է և դրանով պայմանավորված լինել, դա կարող է նպաստել: Բայց համակարծիք չեմ, որ բոլոր հանցագործություններն են դրանով պայմանավորված: Ունենք նաև դեպքեր, երբ հանցանք կատարծ անձինք ապահովված են եղել»: Ուշագրավ է այն, որ գողություններ ու հափշտակություններ կատարածների մեջ բավական մեծ է անչափահասների թիվը:

Շիրակի մարզի դատախազն ընդգծեց՝ հանցագործությունների աճին զուգահեռ 1,4 տոկոսով ավելացել է նաև բացահայտումների ցուցանիշը: Կարեն Գաբրիելյանը, սակայն, որևէ նորություն չհայտնեց ապրիլին Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով քննության վերաբերյալ, նշելով, որ գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է:

Մի քանի ամիս առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի անունը կապվեց Գյումրիի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած արյունալի ծեծկռտուքի հետ: Հետաքրքրվեցինք՝ կա՞ն արդյոք կալանավորվածներ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Այս պահին չունենք ձերբակալված անձ, որպես մեղադրյալ ներգրավված անձ, այսինքն՝ չունենք այնպիսի ապացույցներ, որոնք կվկայեն, որ կոնկրետ անձը կատարաել է հանցագործություն: Բայց վստահեցնում եմ, որ կատարվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները»,- պատասխանեց Կարեն Գաբրիելյանը:

Չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում իրար հաջորդած կրակոցների, դանակահարությունների դեպքերին, Կարեն Գաբրիելյանը համաձայն չէ «Գյումրին կրիմինալ քաղաք է» բնորոշմանը․ «Միանշանակ՝ ոչ, ի՞նչ է, մյուս տարածքներում չունե՞նք հանցագործություններ, կրակոցներ»:

Շիրակի մարզի դատախազն այսօրվա ասուլիսում նաև հայտնեց, որ տարբեր կառույցների պաշտոնյաների կողմից կոռուպցիոն հանցագործության 15 դեպքով քրեական գործեր են հարուցվել: Թե ովքեր են այդ պաշտոնյաները, Կարեն Գաբրիելյանը հրաժարվեց նշել: