Եվրահանձնաժողովի նախագահը դեմ է Անկարայի հետ բանակցությունների դադարեցմանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը դեմ է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ բանակցային գործընթացը դադարեցնելու կոչերին:

Հուլիսի սկզբին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանն ընդունել էր բանաձև, որում Եվրամիության երկրներին ու Եվրահանձնաժողովին կոչ էր արել՝ անհապաղ դադարեցնել Անկարայի հետ բանակցային գործընթացը, եթե թուրքական իշխանություններն անհրաժեշտ փոփոխություններ չկատարեն երկրի արդեն իսկ փոփոխված Սահմանադրության մեջ:

«Politico» թերթին տված ծավալուն հարցազրույցում Յունկերը, ի թիվս միջազգային օրակարգին առնչվող մի շարք այլ խնդիրների, անդրադարձել է նաև Թուրքիա-ԵՄ ոչ դյուրին հարաբերություններին: «Թուրքիան մեր հարևանն է, մենք չենք կարող նրան ուղղակի անորոշության մեջ թողնել: Ես կողմ չեմ Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության դադարեցմանը»,- նշել է Յունկերը: Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը փաստել է` «Թուրքիան գրեթե ամեն րոպե հեռանում է ԵՄ անդամակցության համար իր իսկ ստանձնած պարտավորություններից»: Մինչդեռ, Յունկերի խոսքով՝ «ոչ թե Եվրամիությունն է միանում Թուրքիային, այլ Թուրքիան՝ Եվրամիությանը»:

Անցած շաբաթ Բրյուսելում Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել էր, թե ներկայումս անհնար է համարում Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելը: Միևնույն կարծիքն էր արտահայտել նաև Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը, որը քանիցս հանդես է եկել Թուրքիայի հետ բանակցային գործընթացը դադարեցնելու կոչերով:

Թուրքիայի անդամակցությունը չի ողջունում նաև Եվրամիության առաջատար ու ամենաազդեցիկ անդամներից Գերմանիան, որի հետ Թուրքիան վերջին շրջանում բավական լարված հարաբերություններ ունի: Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է Եվրահանձնաժողովից պահանջել՝ անհրաժեշտության դեպքում դադարեցնել ԵՄ անդամակցության նախապատրաստությանն օժանդակելու համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը՝ այդպիսով նաև ֆինանսական ճնշում գործադրելով Անկարայի վրա:

Անդրադառնալով այդ խնդրին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը նշել է, թե Եվրամիությունը շատ հետևողական է ֆինանսական հարցերում և նախատեսված 3-4 միլիարդ եվրոյից մինչ օրս Թուրքիային միայն 189 մլն եվրո է հատկացրել:

Պաշտոնական Բրյուսելի և Անկարայի հարաբերությունները կտրուկ սրվեցին անցած տարվա հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Եվրոպացի պաշտոնյաները, դատապարտելով թուրքական իշխանությունների ձեռնարկած պատժիչ գործողությունները, կոչ արեցին հարգել ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները: