«Սասնա ծռերի» գործով բոլոր փաստաբանները թիրախավորված են, այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով դատարանի մուտքի մոտ կարգադրիչների կողմից փաստաբաններին ներկայացվող «խուզարկության» պահանջին, դատարանի դահլիճում փաստաբանների նկատմամբ կիրառվող սանկցիաներին։
«Գտնում եմ, որ բոլորը թիրախավորված են և որևէ կերպ պետք է հետապնդվեն, բայց, ինչպես փորձը ցույց է տալիս, իմ գործընկերներից Շուշանյանը և ես մի փոքր ավելի շատ՝ վատ իմաստով։ Դժվար է միաժամանակ ասել, թե ինչո՞ւ, գուցե մի փոքր ավելի շատ ենք արտահայտվում նիստի ժամանակ կամ նիստից դուրս», - ասաց Պապիկյանը՝ շարունակելով. - «Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ անգամ ՔԿՀ-ներում, երբ մենք աշխատել ենք մեր պաշտպանյալների հետ, մեզնից հետո նրանց խուզարկել են և մեր թղթակցությունը պաշտպանյալի հետ կա՛մ առգրավել են, կա՛մ մեր պաշտպանյալը, որպեսզի այլ անձի ձեռ չանցնի, ստիպված է եղել ոչնչացնել։ Ես չգիտեմ, թե ինչու է այսպես կատարվում, բայց թիրախավորված հետապնդում է»։
Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ըստ փաստաբանի, չի տիրապետում իրավիճակին և չի կարողանում օրենքի տարրական կանոնները պահպանել։
«Ես կարծում եմ, որ իշխանությունները հետևություն կանեն այս ամենից, և սեպտեմբերին մենք կունենանք բոլորովին այլ իրավիճակ, եթե դատավոր չի փոխվի, ապա դատավորը կփոխի աշխատանքի ձևը, որպեսզի մենք կարողանանք ի վերջո աշխատել։ Այն փաստաբանների փոխարինելը չտվեց ցանկալի արդյունքը, բոլոր տիպի սանկցիաները՝ թե՛ փաստաբանների, թե՛ ամբաստանյալների նկատմամբ, որ կիրառվում էր, կրկին չտվեց այն արդյունքը, որ ակնկալվում էր, հետևաբար իշխանությունները պետք է համապատասխան հետևություն անեն և վերադառնան օրինականության դաշտ և օրինական ճանապարհով իրականացնենք դատավարությունը», - ասաց Պապիկյանը։
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.