Կառավարությունը որոշել է ակտիվացնել արտաքին տնտեսական քաղաքականությունը, այդ նպատակով առանձնացնելով 14 երկիր, որոնց հետ տնտեսական հարաբերություններն աշխուժացնելու ուղղությամբ տարվելու է համապատասխան աշխատանք: Այդ նախաձեռնությունում, սակայն, Եվրասիական տնտեսական միությունը որևէ կերպ չի հիշատակվում, իսկ առանձնացված երկրների ցանկում ԵՏՄ անդամներից տեղ է գտել միայն Ռուսաստանը:
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության զարգացման շրջանակներում նշվող թիրախային երկրների ցանկը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Իրան, Վրաստան, ԱՄԷ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Լիբանան, Բենիլյուքսի երկրներ:
«Նախագծով սահմանվում են տնտեսական առումով ՀՀ համար հեռանկարային գործընկեր երկրների ցանկը»,- կարդում ենք կառավարության որոշման մեջ: Այդ ցանկից պարզ է դառնում, որ Հայաստանի կառավարությունն ավելի հեռանկարային է համարում տնտեսական հարաբերությունների զարգացումը Լյուքսեմբուրքի, Բելգիայի կամ Լիբանանի հետ, քան ԵՏՄ անդամներ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ:
Տնտեսական կապերի զարգացման համար Հայաստանի կառավարությունը, փաստորեն, ընտրել է Եվրամիության անդամ վեց ու ԵՏՄ անդամ ընդամենը մեկ պետություն: Եվ սա այն պարագայում, երբ 2013 թվականին Հայաստանի նախագահը անսպասելի որոշում կայացրեց՝ անդամակցել Կրեմլի նախաձեռնած մաքսային միությանը՝ այդ կերպ հրաժարվելով Եվրամիության հետ տարիներով բանակցված Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից:
Հատկանշական է, որ կառավարության այսօրվա նիստում որևէ մեկը չհիշատակեց ԵՏՄ-ի մասին: Որոշման նախագիծը ներկայացնում էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Առանձնացված երկրների մեկնարկային ցանկ կա արդեն, դա իհարկե սպառիչ չի, ընդլայնվելու է, դրանց [ընտրված երկրների] հանդեպ լինելու է հատուկ ուշադրություն»,- ասաց Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքին արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը․ «Ես հենց դա էլ նկատի ունեի, բաժանել ենք խմբերի ըստ ծավալների, ըստ մեր հետաքրքրությունների և ըստ հեռանկարների»:
Կառավարության այսօրվա որոշմամբ նախատեսվում է նպաստել դեպի նշված 14 երկրներ արտահանումներին և այդ երկրներից ներդրումների, նաև զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը: Փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն անգամ առաջարկել է ցանկում ներառել նաև Դանիան ու Շվեդիան, սակայն առաջարկությունը չի ընդունվել՝ «հաշվի առնելով տվյալ երկրներում ՀՀ դեսպանությունների ռեսուրսների սակավությունը»: Միաժամանակ, արտգործնախարարությունն առաջարկել է սկանդինավյան այդ երկրների հարցը դիտարկել հաջորդ փուլում:
Կառավարության նիստից հետո Տնտեսական զարգացման և ներդրումների փոնախարար Գարեգին Մելքոնյանին հարցրեցինք՝ գործադիրի այսօրվա որոշումը արդյո՞ք նշանակում է, որ կառավարությունը հեռանկարային չի համարում ԵՏՄ շրջանակում տնտեսական փոխգործակցությունը: «Երկրների ընտրությունը ԵՏՄ-ին կամ այլ միություններին անդամակցությամբ պայմանավորված չէ, հետագա ժամանակաշրջանում այդ ցանկը ենթակա է լինելու համալրման: Այժմ մենք բարձր թիրախային երկրներից բացի քննարկում ենք նաև միջին թիրախայնություն ունեցող երկրների խումբ հաստատելու հարցը»,- պատասխանեց Գարեգին Մելքոնյանը:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ԵՏՄ չորս երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան) հետ Հայաստանի առևտուրը 2016թ․ կազմել է 1 միլիարդ 401 միլիոն դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 27,6 տոկոսը: Այսինքն, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության գրեթե երեք չորրորդ մասն իրականացվել է ԵՏՄ-ից դուրս:
Քաղաքագետ Հովհաննես Իգիթյանի կարծիքով, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախորդ երկուսուկես տարիները ցույց տվեցին, որ Երևանը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի տնտեսական հարաբերությունների և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Հայաստանը պարտադրված պետք է թուլացնի Ռուսաստանի հետ, ԵՏՄ-ի հետ հարաբերությունները երկու պատճառով: Առաջին․ ինքը՝ ԵՏՄ-ն գնալով արժեքազրկվում է, կորցնում է բովանդակությունը: Այն տնտեսական իմաստը, որ փորձում էին դնել դրա մեջ, այսօր չկա: Երկրորդը և ամենակարևորը՝ Ռուսաստանն աստիճանաբար դառնում է իզգոյ երկիր, և այդ պատժամիջոցները դառնում են ավելի շոշափելի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Իգիթյանը: