«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց ընկերության մամլո խոսնակ Մուրադ Սարգսյանը։ Վերջինս, սակայն, չմանրամասնեց, թե երբ են ներկայացնելու դիմումը և ինչպես են հիմնավորելու սակագնի վերանայման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք՝ 2017-ի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինն արդեն բարձրացել էր Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակիչների համար, հասնելով 180 դրամի՝ 1 խմ-ի դիմաց։ Այդ սակագինը սահմանվել էր 1 տարի ժամկետով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ տարեվերջին ողջ հանրապետության ջրային համակարգի վարձակալության արտոնագիրը 15 տարով հանձնեց «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ հաստատելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր միասնական սակագին։