Պայթյուն Դավիթաշենում, երկու վիրավորներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱԻՆ

Տեսարան Երևանի Դավիթաշեն թաղամասից, արխիվային լուսանկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

«Պարզվել է, որ Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1997 թվականին ծնված Ա. Ե.-ը և 1985 թվականին ծնված Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը նշում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել անհրաժեշտ լուսավորություն: