Կրակոցներ «Պալաչի» բնակարանի ուղղությամբ. հարուցվել է քրգործ

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Արթուր Հարությունյանի բնակարանի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքի հանգամանքները:

«Հուլիսի 27-ին՝ ժամը 14:25-ին , հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանի պատուհանին և պատերին կան կրակոցների հետքեր: Նախնական քննությամբ պարզվել է, որ բնակարանը պատկանում է 1975թ. ծնված Արթուր Հարությունյանին (Պալաչ մականվամբ), ով իր ընտանիքի հետ միասին մեկնել է ՀՀ-ից, իսկ բնակարանի բանալին գտնվել է եղբոր մոտ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաապրանքագիտական, հետքաբանական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով», որով նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն: