Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Շամիրամ գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ նախարարության, բուժումը շարունակում են 5 տուժած` 2-ը Աշտարակի բժշկական կենտրոնում, 3-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնում:
«Բոլորի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է դրական շարժընթաց, կյանքին սպառնացող վտանգ չկա», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, երեկ առավոտյան ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն այսօր տեղեկացրեց, որ պարզվել է սպանությունների մեջ կասկածվողի ինքնությունը: