Միջադեպ՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցների միջև, թուրքահայերը բողոքում են «խտրական վերաբերմունքից»

Սփյուռքի նախարարության պնդմամբ, դա «փոթորիկ էր մի բաժակ ջրում», մինչդեռ, միջադեպի մասնակից թուրքահայերի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն այլ կարծիք ունի:

Սփյուռքահայ երիտասարդներին հայրենիք հրավիրող «Արի տուն» ծրագրի շրջանակներում Թուրքիայից Հայաստան եկած պատանիների նկատմամբ խտրականության մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Երեկ հայտնի դարձավ, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում Թուրքիայից ժամանած 16 հոգուց բաղկացած խումբը վերադարձել է Ստամբուլ՝ նույն ծրագրով Ուկրաինայից ժամանածների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Սփյուռքի նախարարության ներկայացուցչի խոսքով, Թուրքիայից և Ուկրաինայից եկած հայ երիտասարդների միջև վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել Խոր Վիրապում՝ Գրիգոր Լուսավորչի գետնափոր խուցն առաջինը մուտք գործելու հետ կապված: Զաքարյանն ընդգծեց՝ իրենց միջամտությամբ միջադեպը հարթվել է, տեղի ունեցածն էլ ընդամենը «փոթորիկ էր մի բաժակ ջրում»:

«Անմիջապես միջադեպի մասին իմացել ենք, և՛ տեղում ենք փորձել հարթել, և՛ սփյուռքի նախարարություն ենք հրավիրել, խոսել ենք, հարթել ենք, ձեռք ձեռքի են տվել այդ տղաները»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը, հերքելով պնդումները, թե միջադեպը շարունակություն է ունեցել:

Հակառակ կարծիքն ունի միջադեպի մասնակից թուրքահայերի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն: «Ազատության» Ստամբուլի թղթակցի հետ զրույցում նա պնդեց, թե Թուրքիայի թիմի երեխաներից մեկի և Ուկրաինայից ժամանած մասնակցի միջև վեճը Խոր Վիրապում չի ավարտվել, դրան ավելի ուշ մասնակցել է ուկրաինական համայնքի ներկայացուցչի ընտանիքը, մինչդեռ՝ նախարարությունը երկար ժամանակ անհաղորդ է մնացել, ինչի հետևանքով խնդիրն ավելի է ընդլայնվել:

«Առաջին օրվա վեճից հետո երեխաներն ուզում էին հեռանալ ճամբարից, բայց ես, գիտակցելով ծրագրի կարևորությունը, նրանց դրականորեն էի տրամադրում, փորձում էի հարթել խնդիրը: Սակայն երբ հարցն ավելի մեծացավ, երեխաներն ասացին, որ այլևս չեն ուզում մնալ: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանի օգնությամբ կեցության և ավտոբուսի հարցերը լուծեցինք: Նախարարությանը տեղեկացրի, որ ծրագրին չենք մասնակցելու, ինչից հետո նախարարն իր մոտ կանչեց: Ներկայացրեցի խնդիրը, նա էլ ցանկացավ, որ հարցը փակվի: Ասացի, որ ճամբարից դուրս ենք եկել ու այլևս չենք վերադառնալու: Անընդհատ պնդում էին, որ հարցը պետք է փակել: Ես մեկ շաբաթ շարունակ այդ ուղղությամբ ջանքեր էի գործադրում, սակայն նախարարությունը հակառակ կողմին էր պաշտպանում»,- ասաց «Արի տուն» ծրագրի Ստամբուլի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն:

Նրա պնդմամբ՝ հատկապես ստամբուլահայերի նկատմամբ խտրական վերաբերմունք է եղել․ «Ճամբարում էլ մեր խմբի երեխաներին մյուսների պես չեն վերաբերվել: Երբ ես այնտեղ չեմ եղել, նրանց վրա բղավել են, կոպիտ վերաբերմունք ցուցաբերել»:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը բացառում է որևէ խմբի նկատմամբ խտրական վերաբերմունքի հնարավորությունը: «Խմբի ղեկավավարը չի կարող ասել, որ իրենց նկատմամբ ազգային խտրականություն է, դա ուղղակի անհեթեթ է: Հիմա դուք բացատրեք՝ ո՞րն է ազգային խտրականությունը մեր հայրենակիցների նկատմամբ: Մենք այլ ազգի՞ ենք պատկանում: Խաղաղ բաժանվել ենք, իրենք պիտի գնային ճամբար, երեխաները տրամադիր են եղել, սակայն Սաբունջուն ինքը որոշում է կայացրել և այդ որոշումը, մեղմ ասած, փաթաթել է երեխաների վզին»,- պնդեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Նախարարության ներկայացուցիչը վստահ է, որ «Արի տուն» ծրագրի հեղինակությունը միջադեպից չի տուժել, և այն հաջողությամբ շարունակվում է: Մինչդեռ, Թուրքիայից ժամանած հայերի խմբի ղեկավարի պնդմամբ՝ սա առաջին դեպքը չէ, Ստամբուլից եկած խմբերը միշտ էլ նմանօրինակ խնդիրների են բախվում: Հարցին՝ արդյո՞ք հաջորդ տարի կմասնակցեն ծրագրին, Սաբունջուն պատասխանեց․

«Ես չեմ կարող որոշում կայացնել, երեխաների ծնողները կորոշեն՝ մասնակցե՞լ, թե ոչ: Եթե երեխա ունենայի, ապա նման միջավայր չէի ուղարկի նրան: Ես կողմ չեմ, որ հաջորդ տարի մասնակցենք, քանի դեռ մի շարք խնդիրներ լուծում չեն ստացել: Հուսով եմ, այս միջադեպերը առիթ կհանդիսանան՝ այդ խնդիրների լուծման համար»:

«Արի տուն» ծրագրի մասնակիցները Հայաստան ժամանելու և վերադառնալու ծախսերը հոգում են իրենց միջոցներով: Ծրագրով նախատեսված 14 օրերից 8 օրը մասնակիցները բնակվում են հյուրընկալ ընտանիքներում, իսկ մնացյալ ժամանակն անցկացնում են նախարարության կազմակերպած ճամբարում: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պնդմամբ՝ նախկինում որևէ խնդիր Թուրքիայից ժամանող խմբերի հետ չի եղել:

Ֆիրդուս Զաքարյանի խոսքով՝ տարեկան իրականացվում է «Արի տուն» ծրագրի 8 փուլ, որի ընթացքում Հայաստան են ժամանում շուրջ 1000 սփյուռքահայ երիտասարդներ: Նրանցից յուրաքանչյուրի համար նախարարությունը ծախսում է 100 հազար դրամ: Ըստ պաշտոնյայի՝ պետական բյուջեից ծրագրի իրականացման համար, ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի, ծախսվել է 90 միլիոն դրամ: