Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) զգուշացնում է, որ օգոստոսի 3-7-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38-41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը վաղը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-17-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն, ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:
Առաջիկա հինգ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: