Աբխազիա այցելելու Պուտինի մտադրությունը Թբիլիսին որակում է օկուպացիայի շարունակություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյի նստավայրում ընդունում է Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբային, 18-ը փետրվարի, 2016թ․

Վրաստանի կառավարությունում հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը Աբխազիա օկուպացիան շարունակելու և բռնազավթման գործնական փորձ է: «Դա տեղավորվում է շարունակվող սադրանքների ընդհանուր պատկերում: Մեր խնդիրն է զրոյացնել սադրանքները», - «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել է պետնախարարը:

Ռուսական մամուլը գրել է, որ Վլադիմիր Պուտինը պլանավորում է օգոստոսի 8-ին այցելել Աբխազիա, որտեղ հանդիպելու է Աբխազիայի առաջնորդ Ռաուլ Խաջիմբայի հետ: Վերջին անգամ Պուտինը Աբխազիա է այցելել 2013 թվականին:

2008 թվականի ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: